Հոդված 311
Հոդված 311.
Վաշտի հերթական օրապահը ծառայությունը կատարում է զորանոցի շինության ներսում` մուտքի դռան մոտ, զենքի պահասենյակի մոտակայքում:
Նա պարտավոր է`
- վաշտի շինությունից չհեռանալ առանց վաշտի հերթապահի թույլտվության, մշտապես հսկել զենքի պահասենյակը.
- կողմնակի անձանց ներս չթողնել, ինչպես նաև թույլ չտալ առանց վաշտի հերթապահի թույլտվության զորանոցից դուրս բերել զենք, զինամթերք, ունեցվածք և այլ իրեր.
- վաշտի հերթապահին անհապաղ զեկուցել վաշտում տեղի ունեցած բոլոր պատահարների, վաշտի զինվորների և սերժանտների միջև փոխհարաբերությունների` կանոնադրություններով սահմանված կանոնների խախտումների, նկատված անսարքությունների և հրդեհային անվտանգության պահանջների խախտումների մասին, միջոցներ ձեռնարկել դրանց վերացման համար.
- ընդհանուր վերկացի ժամանակ, ինչպես նաև գիշերը տագնապի կամ հրդեհի դեպքում արթնացնել անձնակազմին.
- շինություններում հետևել մաքրությանն ու կարգուկանոնին, զինծառայողներից պահանջել դրանց պահպանումը.
- զինծառայողներին թույլ չտալ ցուրտ եղանակներին, հատկապես գիշերը, չհագնված դուրս գալ շինություններից.
- հետևել, որ զինծառայողները ծխեն, կոշիկներն ու հագուստը մաքրեն դրա համար հատկացված շինություններում կամ տեղերում.
- ուղղակի պետերի` սկսած վաշտի հրամանատարներից և ավելի բարձր, և գնդի հերթապահի` վաշտ ժամանելու դեպքում տալ «Զգա´ստ» հրամանը.
- վաշտի մյուս սպաների, ինչպես նաև վաշտի սերժանտի և ուրիշ վաշտերի զինծառայողների` վաշտ ժամանելու դեպքում կանչել հերթապահին: Օրինակ` «Վաշտի հերթապահ, մուտքի մոտ»:
Հերթական օրապահին արգելվում է նստել, հանել հանդերձանքը և արձակել հագուստի կոճակները:
Ազատ հերթափոխի օրապահը պարտավոր է մաքրություն և կարգ պահպանել վաշտի շինություններում ու ոչ մի տեղ չգնալ առանց վաշտի հերթապահի թույլտվության, օգնել նրան կարգուկանոն հաստատելու զինվորների և սերժանտների միջև փոխհարաբերությունների` զինվորական կանոնադրություններով սահմանված կանոնների խախտման դեպքում, վաշտի հերթապահին փոխարինելիս կատարել նրա պարտականությունները:
(311-րդ հոդվածը փոփ., խմբ. 01.06.06 ՀՕ-127-Ն, փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն, 11.06.15 ՀՕ-71-Ն)