Հոդված 91
Հոդված 91.
Գնդի հրամանատարը պարտավոր է`
- ղեկավարել գնդի անձնակազմի մարտական պատրաստությունը և դաստիարակությունը, հմտորեն ղեկավարել գունդը.
- գումարտակների հետ զորավարժություններ անցկացնել, վարել գնդի շտաբի նախապատրաստությունը, գումարտակների մեջ չմտնող վաշտերի հրամանատարների, նրանց տեղակալների, զորատեսակների ու ծառայությունների պետերի, ինչպես նաև գնդի ստորաբաժանումների հետ անցկացնել պարապմունքներ.
- ղեկավարել գնդի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության պլանների մշակումը և կատարումը.
- կազմակերպել և իրականացնել միջոցներ անձնակազմը, սպառազինությունը, ռազմական տեխնիկան և այլ նյութական միջոցները զանգվածային ոչնչացման զենքից պաշտպանելու ուղղությամբ` հաշվի առնելով տեղական և քաղաքացիական պաշտպանության առանձնահատկությունները.
- իմանալ յուրաքանչյուր սպայի, ենթասպայի և ստորաբաժանման սերժանտի գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, սպաների հետ մշտապես աշխատանք տանել զինվորական դաստիարակության և մասնագիտական պատրաստության կատարելագործման գծով, կազմակերպել սպայական ժողովի գործունեությունը և ուղղել սպաների կոլեկտիվի համախմբմանը, քննարկել նրա առաջարկություններն ու հանձնարարականները և դրանց վերաբերյալ ընդունել որոշումներ.
- զինվորական կոլեկտիվներում հաստատել հրապարակայնություն, սոցիալական արդարություն, փոխադարձ վստահություն զինվորների միջև, ստորաբաժանումներում թերությունների, պասիվության և անտարբերության նկատմամբ ստեղծել անհանդուրժողական մթնոլորտ.
- ղեկավարել նոր ժամանած համալրման բաշխումն ըստ ստորաբաժանումների (անձնախմբերի, մարտական մասերի) և նրանց զինվորական երդման ներկայացնել թիվ 1 հավելվածում նշված կարգով.
- ղեկավարել կադրերի ընտրությունն ու տեղաբաշխումը, քաղաքացիներին զինվորական ծառայության ընդունելու աշխատանքը, որոշել զինվորական ուսումնական հաստատություններ ընդունվելու թեկնածուներին, այդ աշխատանքում հաշվի առնել սպայական ժողովի և որակավորման մշտական գործող հանձնաժողովի եզրակացությունները, առաջարկություններն ու հանձնարարականները.
- հաստատել զինծառայողների արձակուրդների ժամանակացույցը.
- սահմանել օրվա կարգուկանոնը և աշխատաժամանակի բաշխման կարգը, պահանջել ներքին կարգուկանոնի պահպանում, որոշել անձնակազմի հագուստի ձևը` կատարվելիք խնդիրների ու պարապմունքների կարգացուցակի հաշվառումով.
- կազմակերպել գնդի տեղաբաշխման վայրի պաշտպանություն, վերահսկողություն պահակային և ներքին ծառայությունների նկատմամբ, անձամբ ստուգել դրանց կատարումը.
-միջոցներ ձեռնարկել հանցագործությունների և պատահարների կանխման ուղղությամբ, իսկ եթե դրանք արդեն տեղի են ունեցել, ժամանակին զեկուցել վերադաս հրամանատարներին (պետերին) և անհապաղ հաղորդել համապատասխան իրավապահ մարմիններին, նշանակել ծառայողական քննություն, անձամբ մասնակցել մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ պատճառած դեպքերի հետաքննությանը` ապահովելով դեպքի վայրի, հանցագործության գործիքների և այլ իրեղեն ապացույցների պահպանությունը մինչև իրավապահ մարմինների ներկայանալը.
- վերլուծել մարտական պատրաստության, զինվորական կարգապահության և ներքին կարգուկանոնի վիճակը, ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ ամփոփել արդյունքները և որոշել դրանց բարելավման միջոցներ.
- միջոցներ ձեռնարկել սահմանված պաշարների, սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների պահպանության, սարքին վիճակում պահելու և ճիշտ օգտագործելու համար, պարբերաբար ստուգել դրանց առկայությունը, վիճակը և մարտական պատրաստությունը, ոչ ուշ, քան տարեկան երկու անգամ անցկացնել սպառազինության և ռազմական տեխնիկայի ստուգատես, արդյունքները հրապարակել գնդի հրամանում.
- դիմավորել, զեկուցել և գնդի տարածքում ուղեկցել Հայաստանի Հանրապետության Նախագահին, ՀՀ Ազգային ժողովի նախագահին, ՀՀ վարչապետին, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի (նախարարի) ու նրա տեղակալներին, գեներալ-գնդապետներին, գնդի հրամանատարից բարձր ուղղակի պետերին և այն անձանց, որոնք նշանակված են տեսչական ստուգումը ղեկավարելու համար` սույն Կանոնագրքի 60 հոդվածում որոշված կարգով.
- հսկողություն իրականացնել սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի հետ աշխատելու, պարապմունքներ, հրաձգություն, զորավարժություններ անցկացնելու և աշխատանքի ժամանակ անվտանգության պահանջների կատարման նկատմամբ.
- միջոցներ ձեռնարկել զինծառայողների կենցաղի բարելավման, նրանց առողջության պահպանման և ամրապնդման ուղղությամբ, քննարկել և հաստատել մթերքների շաբաթական բաշխումը, ամենօրյա հսկողություն կազմակերպել սննդի որակի և մատուցման ամբողջականության նկատմամբ, ամեն շաբաթ անձամբ ստուգել պատրաստված սննդի որակը.
- ղեկավարել գնդի ֆինանսական և տնտեսական գործունեությունը` ապահովելով նյութական և դրամական միջոցների օրինական ու խնայողական ծախսումը.
- հետևել զորանոցաբնակարանային ֆոնդի, այլ շենքերի ու շինությունների, գնդի տարածքի պահպանությանը, ճիշտ շահագործմանը, ինչպես նաև հակահրդեհային պաշտպանությանը գնդում.
- անձամբ մասնակցել գիտական, գյուտարարական աշխատանքներին, վարժությունների, մարտական պատրաստության և առօրյա գործունեության այլ միջոցառումների անցկացման ժամանակ գնդի տեղաբաշխման շրջանում բնական պաշարների արդյունավետ օգտագործման համար.
- անձամբ և պաշտոնատար անձանց, ներքին ստուգող հանձնաժողովների ու հասարակայնության ներկայացուցիչների ներգրավմամբ անցկացնել ըստ ծառայությունների ռազմական ունեցվածքի, դրամական միջոցների և արժեքների առկայության պլանային ու արտապլանային ստուգումներ, պետությանը հասցված նյութական վնասի հայտնաբերման դեպքում նշանակել ծառայողական քննություն և ժամանակին որոշում կայացնել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մասին:
(91-րդ հոդվածը խմբ., փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն, փոփ. 19.03.13 ՀՕ-20-Ն, 11.06.15 ՀՕ-71-Ն)