Անցնել բովանդակությանը

ՇԱՐԺԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ` ԱՎԻԱՑԻՈՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓ ՏԵՔՍՏ

Արձանագրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Գլուխ I · Կիրառման ոլորտը և ընդհանուր դրույթներ

Հոդված 1. Սահմանումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Սահմանումներ

Սույն Կոնվենցիայի նպատակների համար. «սույն Կոնվենցիա» նշանակում է՝ Շարժական սարքավորումների նկատմամբ միջազգային երաշխիքների մասին կոնվենցիայի և Շարժական սարքավորումների նկատմամբ միջազգային երաշխիքների մասին կոնվենցիայի` ավիացիոն սարքավորումների վերաբերյալ արձանագրության ամփոփ տեքստը:

Բացառությամբ այն դեպքերի, երբ համատեքստն այլ բան է պահանջում, սույն Կոնվենցիայում հետևյալ եզրույթներն օգտագործվում են ստորև սահմանված իմաստներով.

ա) «համաձայնագիր» նշանակում է՝ պարտավորությունների կատարման ապահովման համաձայնագիր, սեփականության իրավունքի պահպանմամբ նախնական վաճառքի համաձայնագիր կամ երկարաժամկետ վարձակալության (լիզինգի) համաձայնագիր,

բ) «օդանավ» նշանակում է՝ օդանավեր, ինչպես սահմանված է Չիկագոյի կոնվենցիայի նպատակների համար, որոնք իրենցից ներկայացնում են ճախրասավառնակներ` դրանց վրա տեղադրված ավիացիոն շարժիչներով, կամ՝ ուղղաթիռներ,

գ) «ավիացիոն շարժիչներ» նշանակում է՝ օդանավերի շարժիչներ (ռազմական, մաքսային կամ ոստիկանական ծառայությունների կողմից օգտագործվողներից բացի), որոնք շարժման մեջ են դրվում ռեակտիվ շիթով կամ օգտագործում են տուրբինային կամ մխոցային տեխնոլոգիա, և՝

i) ռեակտիվ ավիացիոն շարժիչների դեպքում ունեն նվազագույնը 1750 ֆունտ քարշուժ կամ դրա համարժեքը չափման այլ միավորներով, և

ii) տուրբինային կամ մխոցային ավիացիոն շարժիչների դեպքում ունեն նվազագույնը 550 ձիաուժ թռիչքային անվանական հզորություն կամ դրա համարժեքը չափման այլ միավորներով, բոլոր մոդուլների և տեղադրված, ամրացված կամ կցված այլ պարագաների, մասերի և սարքավորումների, ինչպես նաև դրանց վերաբերող բոլոր տվյալների, ձեռնարկների և գրառումների հետ միասին,

դ) «ավիացիոն օբյեկտներ» նշանակում է՝ ճախրասավառնակներ, ավիացիոն շարժիչներ և ուղղաթիռներ,

ե) «օդանավերի ռեգիստր» նշանակում է՝ ռեգիստր, որը վարվում է պետության կամ ընդհանուր տարբերիչ և գրանցման նշանները գրանցող մարմնի կողմից` Չիկագոյի կոնվենցիայի նպատակների համար,

զ) «ճախրասավառնակ» նշանակում է՝ օդանավի ճախրասավառնակ (ռազմական, մաքսային կամ ոստիկանական ծառայությունների կողմից օգտագործվողներից բացի), որի վրա համապատասխան ավիացիոն շարժիչների տեղադրումից հետո իրավասու ավիացիոն մարմինների կողմից տրվում է տիպային վկայական` փոխադրելու համար.

i) առնվազն ութ (8) մարդ՝ ներառյալ անձնակազմը, կամ

ii) 2750 կիլոգրամ քաշը գերազանցող ապրանքներ,

բոլոր մոդուլների և տեղադրված, ամրացված կամ կցված այլ պարագաների, մասերի և սարքավորումների, ինչպես նաև դրանց վերաբերող բոլոր տվյալների, ձեռնարկների և գրառումների հետ միասին,

է) «զիջում« նշանակում է՝ պայմանագիր, որով մեկ այլ անձի են անցնում օբյեկտի հետ կապված իրավունքները` համապատասխան միջազգային երաշխիքների փոխանցմամբ կամ առանց դրանց փոխանցման, անկախ պայմանագրի` ապահովման միջոցով կնքված լինելու հանգամանքից,

ը) «օբյեկտի հետ կապված իրավունքներ» նշանակում է՝ համաձայնագրով պարտապանի կողմից վճարում ստանալու կամ այլ պարտավորություններ կատարելու բոլոր այն իրավունքները, որոնք ապահովված են ավիացիոն օբյեկտով կամ կապված են դրա հետ,

թ) «լիազորված կողմ» նշանակում է՝ 25-րդ հոդվածի 3-րդ կետում նշված կողմ,

ժ) «Չիկագոյի կոնվենցիա» նշանակում է՝ 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ստորագրված՝ Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիա` դրանում կատարված փոփոխություններով և դրան կից հավելվածներով,

ժա) «անվճարունակության ընթացակարգերի սկիզբ» նշանակում է՝ այն ժամանակը, որից սկսած՝ անվճարունակության ընթացակարգերը համարվում են սկսված՝ անվճարունակության մասին կիրառելի օրենքի համաձայն,

ժբ) «ընդհանուր տարբերիչ և գրանցման նշանները գրանցող մարմին» նշանակում է՝ իրավասու մարմին, որը Չիկագոյի կոնվենցիայի 77-րդ հոդվածի համաձայն` վարում է ռեգիստր և հիմնադրվում է միջազգային շահագործման գործակալությունների` շահագործվող օդանավերի ազգային պատկանելության և գրանցման մասին որոշման համաձայն, որն ընդունվել է 1967 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Խորհրդի կողմից,

ժգ) «հնարավոր գնորդ» նշանակում է` գնորդ՝ սեփականության իրավունքի պահպանմամբ նախնական վաճառքի համաձայնագրով,

ժդ) «հնարավոր վաճառող» նշանակում է՝ վաճառող՝ սեփականության իրավունքի պահպանմամբ նախնական վաճառքի համաձայնագրով,

ժե) «առք ու վաճառքի պայմանագիր» նշանակում է՝ վաճառողի կողմից գնորդին ավիացիոն օբյեկտի վաճառքի պայմանագիր, որը չի հանդիսանում համաձայնագիր, ինչպես այն սահմանված է վերոնշյալ «ա» կետում,

ժզ) «դատարան» նշանակում է՝ ընդհանուր իրավասության դատարան, վարչական տրիբունալ կամ արբիտրաժ, որը հիմնադրվել է Պայմանավորվող պետության կողմից, հնարավոր վաճառող

ժէ) «պարտատեր» նշանակում է՝ գրավատու՝ պարտավորությունների կատարումն ապահովող համաձայնագրով, հնարավոր վաճառող՝ սեփականության իրավունքի պահպանմամբ նախնական վաճառքի համաձայնագրով կամ վարձատու՝ լիզինգի մասին համաձայնագրով,

ժը) «պարտապան» նշանակում է՝ գրավառու` պարտավորությունների կատարումն ապահովող համաձայնագրով, հնարավոր գնորդ` սեփականության իրավունքի պահպանմամբ նախնական վաճառքի համաձայնագրով, վարձակալ` լիզինգի համաձայնագրով, կամ անձ, որի իրավունքը օբյեկտի նկատմամբ ծանրաբեռնված է գրանցման ենթակա որևէ այլ, պայմանագրից դուրս իրավունքով կամ երաշխիքով,

ժթ) «օդանավի ապագրանցում» նշանակում է՝ ավիացիոն ռեգիստրից օդանավի գրանցման մասին գրառման բացառում կամ հանում` Չիկագոյի կոնվենցիայի համաձայն,

ի) «երաշխիքների ապահովման պայմանագիր» նշանակում է՝ որպես երաշխավոր հանդես եկող անձի կողմից կնքված պայմանագիր,

իա) «երաշխավոր» նշանակում է՝ անձ, որը հօգուտ պարտատիրոջ, պարտավորությունների կատարման ապահովման համաձայնագրով կամ այլ համաձայնագրով ապահովված ցանկացած պարտավորության կատարումը ապահովելու նպատակներով տալիս կամ ներկայացնում է երաշխավորություն կամ երաշխիք` ըստ պահանջի, պահուստային ակրեդիտիվ կամ պարտքի ապահովման մասին ցանկացած այլ փաստաթուղթ,

իբ) «ուղղաթիռներ» նշանակում է՝ օդից ծանր թռչող սարքեր (ռազմական, մաքսային կամ ոստիկանական ծառայությունների կողմից օգտագործվողներից բացի), որոնք թռիչքի մեջ են գտնվում հիմնականում մեկ կամ մի քանի ուժային սարքի միջոցով պտտվող պտուտակների վրա օդի փոխազդեցության հաշվին՝ ուղղահայաց առանցքների շուրջ, և որոնց համար ավիացիոն լիազորված մարմինների կողմից տրվում է տիպային վկայական` փոխադրելու համար.

i) առնվազն հինգ (5) մարդ, ներառյալ անձնակազմը, կամ

ii) 450 կիլոգրամ քաշը գերազանցող ապրանքներ՝

տեղադրված, ամրացված կամ կցված այլ պարագաների, մասերի և սարքավորումների (ներառյալ պտուտակները), ինչպես նաև դրանց վերաբերող բոլոր տվյալների, ձեռնարկների և գրառումների հետ միասին,

իգ) «անվճարունակության հարցերով կառավարիչ» նշանակում է՝ անձ, որը լիազորված է կառավարելու վերակազմավորումը կամ լուծարումը, այդ թվում՝ նաև ժամանակավոր հիմունքով, և ներառում է տիրապետող պարտապանին, եթե դա թույլատրելի է անվճարունակության մասին կիրառելի օրենքով,

իդ) «անվճարունակության ընթացակարգեր» նշանակում է՝ սնանկացում, լուծարում կամ այլ՝ կոլեկտիվ դատական կամ վարչական գործընթացներ, ներառյալ ժամանակավոր ընթացակարգերը, որոնց դեպքում պարտապանի ակտիվները և տնտեսական գործունեությունը ենթակա են դատարանի կողմից ստուգման կամ հսկողության` վերակազմակերպման կամ լուծարման նպատակով,

իե) «անվճարունակության հետ կապված դեպք» նշանակում է՝

i) անվճարունակության ընթացակարգերի սկիզբ կամ

ii) պարտապանի կողմից վճարումները կասեցնելու հայտարարված մտադրություն կամ փաստացի կասեցում, եթե պարտատիրոջ` պարտապանի նկատմամբ անվճարունակության ընթացակարգերի հարուցման կամ Կոնվենցիայի համաձայն իրավունքների պաշտպանության միջոցների կիրառման իրավունքը արգելվում կամ կասեցվում է օրենքով կամ Պետության համապատասխան գործողության արդյունքում,

իզ) «շահագրգիռ անձինք» նշանակում է՝

i) պարտապան,

ii) ցանկացած երաշխավոր,

iii) ավիացիոն օբյեկտի նկատմամբ իրավունքներ ունեցող ցանկացած այլ անձ,

իէ) «ներքին գործարք» նշանակում է՝ 2-րդ հոդվածի 2-րդ կետի «ա»-«գ» ենթակետերում թվարկված գործարքների տեսակներից մեկը, եթե այդ գործարքի բոլոր կողմերի շահերի կենտրոնը և համապատասխան ավիացիոն օբյեկտը, 3-րդ hոդվածի 4-րդ կետի համաձայն, գործարքի կնքման պահին գտնվում են միևնույն Պայմանավորվող պետությունում, և եթե գործարքով ստեղծված երաշխիքը գրանցվել է 66-րդ hոդվածի 1-ին կետի համաձայն հայտարարություն կատարած Պայմանավորվող պետության ազգային ռեգիստրում,

իը) «միջազգային երաշխիք» նշանակում է՝ պարտատիրոջ ունեցած երաշխիք, որի նկատմամբ կիրառվում է 2-րդ հոդվածը,

իթ) «Միջազգային ռեգիստր» նշանակում է՝ սույն Կոնվենցիայի նպատակների համար ստեղծված՝ գրանցման միջազգային ծառայություն,

լ) «երկարաժամկետ վարձակալության (լիզինգի) համաձայնագիր» նշանակում է՝ համաձայնագիր, որով անձը (վարձատու) մեկ այլ անձի (վարձակալ) տրամադրում է ավիացիոն օբյեկտի նկատմամբ տնօրինման կամ հսկողության իրավունք (դրա գնման իրավունքով կամ առանց այդ իրավունքի) վարձակալման կամ այլ վճարի դիմաց,

լա) «ազգային երաշխիք» նշանակում է՝ ավիացիոն օբյեկտի նկատմամբ պարտատիրոջ ունեցած երաշխիք, որը ձևավորվում է 66-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն արված հայտարարությամբ կատարվող ներքին գործարքի արդյունքում,

լբ) «արտապայմանագրային իրավունք կամ երաշխիք» նշանակում է՝ իրավունք կամ երաշխիք՝ տրամադրված այն Պայմանավորվող պետության օրենքով, որը կատարել է հայտարարություն` 52-րդ հոդվածի համաձայն, պարտավորությունների կատարումը ապահովելու նպատակով, ներառյալ Պետության, Պետական կազմակերպության, միջկառավարական կամ մասնավոր կազմակերպության առջև պարտավորությունները,

լգ) «ծանուցում ազգային երաշխիքի մասին» նշանակում է՝ Միջազգային ռեգիստրում գրանցված կամ գրանցվելիք ծանուցում այն մասին, որ ստեղծվել է ազգային երաշխիք,

լդ) «նախկինում գոյություն ունեցած իրավունք կամ երաշխիք» նշանակում է՝ ավիացիոն օբյեկտի նկատմամբ ցանկացած տիպի իրավունք կամ երաշխիք, որն առաջացել կամ ստեղծվել է նախքան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը, ինչպես սահմանված է 76-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետում,

լե) «անվճարունակության նկատմամբ առաջնային ընդդատություն» նշանակում է՝ այն Պայմանավորվող պետությունը, որտեղ գտնվում է պարտապանի հիմնական շահերի կենտրոնը, և որը այդ նպատակի համար համարվում է պարտապանի գլխամասային գրասենյակի տեղակայման վայր, կամ, եթե այդպիսին առկա չէ, վայր, որտեղ պարտապանը գրանցված կամ հիմնադրված է, եթե այլ բան ապացուցված չէ,

լզ) «փոխհատուցում» նշանակում է՝ դրամական կամ ոչ դրամական հասույթներ ավիացիոն օբյեկտի նկատմամբ, որոնք առաջանում են ավիացիոն օբյեկտի ամբողջական կամ մասնակի կորստի, ֆիզիկական քայքայման կամ դրա ամբողջական կամ մասնակի բռնագրավման, հարկադիր օտարման կամ ռեկվիզիցիայի հետևանքով,

լէ) «պայմանական զիջում» նշանակում է՝ զիջում, որ մտադրություն կա անելու հետագայում` հայտարարված իրադարձության տեղի ունենալու դեպքում, անկախ նրանից կա թե ոչ վստահություն այդ իրադարձության վրա հասնելու վերաբերյալ,

լը) «պայմանական միջազգային երաշխիք» նշանակում է՝ երաշխիք, որը մտադրություն կա ստեղծելու կամ նախատեսելու ավիացիոն օբյեկտի նկատմամբ` որպես միջազգային երաշխիք, հետագայում՝ հայտարարված իրադարձության տեղի ունենալու դեպքում (ներառյալ պարտապանի կողմից ավիացիոն օբյեկտի նկատմամբ որևէ իրավունքի հնարավոր ձեռքբերումը), անկախ նրանից կա թե ոչ վստահություն այդ իրադարձության վրա հասնելու վերաբերյալ,

լթ) «պայմանական վաճառք» նշանակում է՝ վաճառք, որը մտադրություն կա իրականացնելու ապագայում հայտարարված իրադարձության տեղի ունենալու դեպքում՝ անկախ նրանից կա թե ոչ վստահություն այդ իրադարձության վրա հասնելու վերաբերյալ,

խ) «գրանցված» նշանակում է՝ գրանցված Միջազգային ռեգիստրում` V գլխի համաձայն,

խա) «գրանցված երաշխիք» նշանակում է՝ միջազգային երաշխիք, գրանցելի արտապայմանագրային իրավունք կամ երաշխիք կամ ազգային երաշխիքի մասին ծանուցման մեջ նշված ազգային երաշխիք, որոնք գրանցվել են V գլխի համաձայն,

խբ) «գրանցելի արտապայմանագրային իրավունք կամ երաշխիք» նշանակում է՝ արտապայմանագրային իրավունք կամ երաշխիք, որը ենթակա է գրանցման` 53-րդ հոդվածի համաձայն ի պահ տրված հայտարարության համապատասխան,

խգ) «Գրանցող» նշանակում է՝ անձ կամ մարմին, որը նշանակվում է 27-րդ հոդվածի 4-րդ կետի «բ ենթակետի և 28-րդ հոդվածի համաձայն,

խդ) «գրանցման մարմին» նշանակում է՝ ազգային մարմին կամ ընդհանուր տարբերակիչ և գրանցման նշանները գրանցող մարմին, որը Պայմանավորվող պետությունում վարում է օդանավերի ռեգիստր և պատասխանատու է Չիկագոյի կոնվենցիայի համաձայն օդանավերի գրանցման և ապագրանցման համար,

խե) «կանոններ» նշանակում է՝ այն կանոնները, որոնք ստեղծվել կամ հաստատվել են Վերահսկող մարմնի կողմից` սույն Կոնվենցիայի համաձայն,

խզ) «վաճառք» նշանակում է՝ ավիացիոն օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում` առք ու վաճառքի պայմանագրի համաձայն,

խէ) «ապահովված պարտավորություն» նշանակում է՝ պարտավորություն, որն ապահովված է համապատասխան ապահովող երաշխիքով,

խը) «պարտավորությունների կատարման ապահովման համաձայնագիր» նշանակում է՝ համաձայնագիր, որի համաձայն գրավատուն տրամադրում կամ համաձայնում է գրավառուին տրամադրել ավիացիոն օբյեկտի նկատմամբ որևէ իրավունք (ներառյալ սեփականության իրավունքը)՝ գրավատուի կամ երրորդ կողմի` առկա կամ հետագա ցանկացած պարտավորության կատարումը ապահովելու նպատակով,

խթ) «ապահովող երաշխիք» նշանակում է՝ պարտավորությունների կատարման ապահովման համաձայնագրով ստեղծված երաշխիք,

ծ) «գրանցման պետություն» ավիացիոն օբյեկտի նկատմամբ նշանակում է՝ Պետություն, որի ազգային ռեգիստր է մտցվում օդանավի վերաբերյալ գրանցման գրառումը, կամ՝ Պետություն, որտեղ գտնվում է օդանավերի ռեգիստրը վարող՝ ընդհանուր տարբերակիչ և գրանցման նշանները գրանցող իրավասու մարմինը,

ծա) «Վերահսկող մարմին» նշանակում է՝ 27-րդ հոդվածում նշված Վերահսկող մարմին,

ծբ) «սեփականության իրավունքի պահպանմամբ նախնական վաճառքի համաձայնագիր» նշանակում է՝ ավիացիոն օբյեկտի վաճառքի համաձայնագիր՝ պայմանով, որ դրա նկատմամբ սեփականության իրավունքը չի փոխանցվում մինչև այդ համաձայնագրում նշված պայմանի կամ պայմանների կատարումը,

ծգ) «չգրանցված երաշխիք» նշանակում է՝ պայմանագրային երաշխիք կամ պայմանագրից դուրս իրավունք կամ երաշխիք (բացի այն երաշխիքներից, որոնց նկատմամբ կիրառվում է 52-րդ հոդվածը), որոնք դեռևս չեն գրանցվել` անկախ նրանից թե ենթակա են դրանք գրանցման սույն Կոնվենցիային համապատասխան,

ծդ) «գրավոր» նշանակում է՝ տեղեկությունների գրառում (ներառյալ էլեկտրակապի միջոցներով փոխանցված տեղեկությունները), որը կատարված է նյութական կամ այլ ձևով և հետագայում հնարավոր է վերարտադրել նյութական ձևով, և որում ողջամիտ կերպով մատնանշված է որևէ անձի կողմից այդ գրառման հաստատումը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։