Հոդված 18
Հոդված 18.
Նախատեսում է սուր վարակիչ, մակաբույծ հիվանդություններից, թունավորումներից հետո առաջացած այն վիճակները, երբ առկա են ժամանակավոր ֆունկցիոնալ խանգարումներ և ստացիոնար բուժման ավարտից հետո հիվանդի մոտ պահպանվում են ընդհանուր ասթենիան, ուժերի անկումը, սնման խանգարումը:
Հիվանդության պատճառով արձակուրդի անհրաժեշտության մասին որոշում կարող է ընդունվել միայն հիվանդության ծանր ու բարդ ընթացքի առանձին դեպքերում, երբ փորձաքննվողի մոտ մնացորդային երևույթների կայունության գնահատականի և աշխատունակության լիակատար վերականգնման համար պահանջվում է առնվազն մեկ ամիս: Վարակիչ հիվանդություն (վիրուսային հեպատիտի A կամ B, C և այլ տեսակներ, որովայնային տիֆ և այլն) տարած զինծառայողներին հիվանդության պատճառով արձակուրդ չի տրվում: Այդ կարգի հիվանդությունների վերականգնողական բուժումն ավարտվում է զինվորական հոսպիտալների վերականգնողական բաժանմունքներում կամ զորամասերի բուժկետերում, որտեղ կարող են անցկացվել համապատասխան միջոցառումներ: Բացառիկ դեպքերում վերականգնողական բուժումը թույլատրվում է իրականացնել զինվորական բուժկանխարգելիչ հիմնարկների ինֆեկցիոն բաժանմունքներում:
Որովայնային տիֆի և պարատիֆերի սովորական ու աբորտիվ ձևերով (մարմնի ջերմաստիճանի բարձրացում դիտվում է 3 օրից ոչ ավելի) հիվանդացած զինծառայողները վարակային բաժանմունքներ տեղափոխվելու կարիք չունեն և ապաքինվելուց հետո ենթակա են փորձաքննության: Թեթև վիրուսային հեպատիտով հիվանդացած անձանց համար առողջական վիճակի վերականգնման ժամկետը 21 օր է, միջին ծանրության հիվանդների համար` 30 օր: Ըստ բժշկական ցուցումների որովայնային տիֆ, պարատիֆ ու վիրուսային հեպատիտ տարած հիվանդների առողջական վիճակի վերականգնման ժամկետը կարող է երկարացվել` 10-45 օր արձակուրդ հատկացնելու միջոցով, հետագա վերափորձաքննությամբ: Առանձին դեպքերում որոշում է ընդունվում սանատոր-կուրորտային բուժման մասին:
Սուր վարակային հիվանդություններ տարած զինծառայողների վերաբերյալ, ինչպես նաև հիվանդության բարդությունների զարգացման ժամանակ (անկախ սուր շրջանի արտահայտվածությունից), երբ ստացիոնար բուժման ավարտից հետո պահպանվում են ասթենիան, ուժերի անկումը, հոսպիտալային բուժումից հետո որոշում է ընդունվում հիվանդության պատճառով ևս լրացուցիչ մեկամսյա արձակուրդի անհրաժեշտության մասին:
Վերականգնումից հետո զինվորական ծառայության և զինվորական մասնագիտությամբ ծառայության համար պիտանիությունը որոշելու նպատակով, 22-րդ հոդվածի «Դ» կետի համաձայն, փորձաքննության են ուղարկվում հատուկ զորամասերում ծառայողները, իսկ մնացածներն ուղարկվում են ըստ բժշկական ցուցումների:
Սպայական կոչում չունեցող կուրսանտների և ունկնդիրների վերաբերյալ որոշում ընդունվում է ըստ վերոնշյալի:
Վիրուսային հեպատիտով, որովայնային տիֆով, պարատիֆերով հիվանդացած զորակոչիկներին տվյալ հոդվածով տրվում է տարկետում, եթե բուժումից հետո 6 ամիս չի անցել: Տարկետումից հետո, համաձայն 22-րդ հոդվածի «Դ» կետի, նրանք ճանաչվում են ոչ պիտանի` ՌՆ, Իճ և այլ աղբյուրներով աշխատելու համար: Հատուկ զորամասերում, սահմանապահ զորքերում ծառայության համար նրանց պիտանիությունը որոշվում է անհատապես: