Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 23

գործել է մինչև 2013-06-11Բացել ARLIS-ում

Հոդված 23.

Նախատեսում է պերիֆերիկ, ներորովայնային ավշահանգույցների, որովայնամզի, աղիների, լյարդի, փայծաղի, երիկամների, սեռական օրգանների և մաշկի տուբերկուլյոզը (պալարախտ): Ախտորոշումը պետք է հաստատվի ախտահարված օրգանի բջջաբանական հետազոտությամբ, որովայնադիտումով (լապարասկոպիա), պունկցիոն բիոպսիայով և այլ մեթոդներով: Բուժումը պետք է լինի համալիր, անընդհատ, տևական (առնվազն 4-6 ամիս):

Երիկամների և միզատար ուղիների, սեռական օրգանների տուբերկուլյոզը պետք է հաստատված լինի համալիր կլինիկալաբորատոր և գործիքային հետազոտություններով, ներառյալ բիոպսիոն մեթոդները:

«Ա» կետին են վերաբերում թոքախտի բոլոր ձևերը և թարախակույտը՝ քայքայմամբ և անընդհատ մանրէարտադրությամբ, պլևրայի (թոքամզի) և թոքերի զարգացող սպիական փոփոխությունները՝ թոքերի ու միջնորմի տեղաշարժով, դրանց և արտաքին շնչառական ֆունկցիաների խանգարումներով, վիրահատության հետևանքներն արտաքին շնչառական ֆունկցիայի զգալի խանգարումով (II - III աստիճանի թոքային անբավարարություն), ինչպես նաև տուբերկուլյոզային (պալարախտային) բրոնխադենիտի խուղակային ձևն ու բրոնխների տուբերկուլյոզային ախտահարումները՝ մանրէների արտազատումով, վիրահատությունից հետո բրոնխաբանական կամ ռենտգենկոնտրաստային հետազոտություններով հաստատված բրոնխիալ, բրոնխաթոքամզային խուղակները:

«Ա» կետին են վերաբերում ավշահանգույցների (քայքայումով, խուղակների առկայությամբ, տուբերկուլյոզային պերիտոնիտի զարգացումով) և ստամոքսի, աղիքների, լյարդի, փայծաղի զարգացող տուբերկուլյոզը, միզատար ուղիների բազում տեղակայումներով (երիկամներ, միզածորաններ, միզա-պարկ) տուբերկուլյոզը՝ քայքայումով կամ մանրէարտազատումով, երիկամային ավազանի, միզածորանի, միզապարկի սպիական փոփոխությունները, միզատար ուղիների օրգանների պլաստիկ վիրահատությունների հետևանքները:

«Ա» կետին են վերաբերում շագանակագեղձի, հավելումների, երկկողմանի ամորձատումից հետո տարածված, զարգացող տուբերկուլյոզը՝ քայքայումով, խուղակներով կամ մանրէարտազատումով, ողնաշարի, խոշոր ոսկրերի ու հոդերի տուբերկուլյոզն ակտիվ զարգացող ընթացքով, բարդացած ծորուկային թարախակույտերով կամ խուղակներով, օստեոմիելիտը՝ սեկվեստրալ խոռոչներով, սեկվեստրներով, երկար ժամանակ չապաքինվող կամ հաճախ բացվող խուղակներով (տարին 1-2 անգամից ոչ պակաս), խոշոր հոդերի արտահայտված ձևախեղող օստեոարթրոզը՝ կայուն ցավային համախտանիշով, վերջույթների մկանների ապաճումով (ատրոֆիայով) և ֆունկցիայի զգալի խանգարումով:

«Բ» կետին են վերաբերում ստացիոնարում հաստատված թոքախտի, պլևրայի (թոքամզի) ու ներկրծքային ավշահանգույցների ակտիվ տուբերկուլյոզի բոլոր ձևերը՝ առանց տուբերկուլյոզի մանրէների արտազատման ու քայքայման, չափավոր արտահայտված կլինիկական ախտանշաններով կամ առանց դրանց, ինչպես նաև արմատական վիրահատությունների հետևանքները՝ արտաքին շնչառական ֆունկցիայի չափավոր խանգարումով, աղիների, լյարդի, փայծաղի արմատական վիրահատությունից, էպիդիդիմէկտոմիայից հետո ավշահանգույցների (այդ օրգանների ֆունկցիաների չափավոր խանգարումով), շագանակագեղձի, ամորձիների և սերմնաբշտերի ակտիվ մարող տուբերկուլյոզը՝ առանց քայքայման ու խուղակների:

«Բ» կետին են վերաբերում ողնաշարի, ոսկրերի և հոդերի ակտիվ սահմանափակ տուբերկուլյոզը, ինչպես նաև անցյալում տարած տուբերկուլյոզի հետևանքները՝ առանց մակածորուկների ու խուղակների, տուբերկուլյոզի պատճառով վիրահատությունից հետո առաջացած վիճակները՝ ֆունկցիայի զգալի խանգարումով, ազդրի գլխիկի օստեոխոնդրոպաթիան՝ ավարտուն դիստրոֆիկ պրոցեսով և ֆունկցիայի զգալի խանգարումով, խոշոր հոդերից մեկում արտահայտված ձևախեղող օստեոարթրոզը՝ ցավային համախտանիշով և ֆունկցիայի զգալի խանգարումով, առաջնային քրոնիկական և հեմատոգեն օստեոմիելիտը:

«Գ» կետին են վերաբերում թոքախտը, թոքամզի (պլևրայի), ներկրծքային ավշահանգույցների ակտիվ մարող տուբերկուլյոզը՝ ստացիոնար բուժումից հետո ակտիվության նշանների անհետացումով ու կլինիկառենտգենաբանական տվյալների կայունացումով, վիրահատության հետևանքները՝ կլինիկական լավ արդյունքով ու արտաքին շնչառական ֆունկցիայի աննշան խանգարումով կամ առանց խանգարման: Ըստ այս կետի փորձաքննվում են նաև երեք և ավելի սեգմենտների սահմաններում ոչ ակտիվ մնացորդային փոփոխություններ ունեցող զորակոչիկները, ինչպես նաև մասնակի, համակցված կամ հատվածային մասնահատումից հետո արտաքին շնչառական ֆունկցիայի չափավոր խանգարում, ոսկրերի և հոդերի ակտիվ տուբերկուլյոզ ունեցողները (մարման շրջանում) և տուբերկուլյոզի պատճառով արմատական վիրահատություն տարածները (ըստ III սյունակի փորձաքննվողների համար):

Տուբերկուլյոզային էքսուդատիվ պլևրիտի ախտորոշումը պետք է հաստատվի բջջակենսաքիմիական, իմունաբանական (կենսաբանական), պլևրալ պունկցիայի պունկտատի հետագա մանրէաբանական և բջջաբանական հետազոտության մեթոդներով և պունկցիոն բիոպսիայով: Բրոնխաբանական հետազոտությունը պարտադիր է:

Չոր պլևրիտների տուբերկուլյոզային բնույթը պետք է հաստատվի տուբերկուլինի կիրառմամբ, լաբորատոր հետազոտություններով, փորձնական բուժումով ու հիվանդության ընթացքով: Այն ժխտվում է, եթե հիվանդն ապաքինվում է կարճատև, ոչ հակատուբերկուլյոզային բուժման կուրսից հետո:

Տուբերկուլյոզային չոր և արտածորական (էքսուդատիվ) պլևրիտներով հիվանդացած ժամկետային զինծառայողներն ստացիոնար բուժման հիմնական կուրսի ավարտից հետո փորձաքննվում են ոչ շուտ, քան հակատուբերկուլյոզային բուժումն սկսելուց երեք ամիս հետո և զինվորական ծառայության համար ճանաչվում են ոչ պիտանի՝ անկախ մնացորդային երևույթների արտահայտվածության աստիճանից:

«Դ» կետին են վերաբերում թոքերի կայուն ռենտգենաբանական փոփոխություններով ոչ ակտիվ տուբերկուլյոզը, ինչպես նաև մնացորդային երևույթները հաջող հակամանրէական բուժումից հետո, եթե դիսպանսեր հաշվառումից հանելուց 3 տարի անց կլինիկական դրսևորումներ չեն եղել, բուժհիմնարկում հաստատված՝ ողնաշարի, ոսկրերի ու հոդերի կայուն բուժված տուբերկուլյոզը, անցյալում տարած տուբերկուլյոզի հետևանքներն ավելի, քան 5 տարվա ակտիվության բացակայությամբ, վիրահատությունից հետո ֆունկցիայի աննշան խանգարումը, խոշոր հոդերից մեկում ձևախեղող օստեոարթրոզի սկզբնական երևույթները՝ առանց ցավային համախտանիշի, ֆունկցիայի աննշան խանգարումով:

Թոքերում կամ ներկրծքային ավշահանգույցներում առանձին պետրիֆիկատների առկայությունը չի կարող խոչընդոտել զինվորական ծառայությանը, ՌՈՒՀ-եր ընդունվելուն, ցանկացած վայրում ծառայելուն:

Այն զորակոչիկները, որոնց ընտանիքներում համապատասխան առողջապահական հաստատությունները հայտնաբերել են տուբերկուլյոզով տառապող հիվանդի, ստանում են տարկետում՝ 6 ամիս ժամանակով:

Ոսկրերի և հոդերի տուբերկուլյոզային ախտահարման ժամանակ ախտորոշումը պետք է հաստատվի արտազատուկի, մսամոլման (գրանուլյացիայի), ախտահարված հոդի, սառը թարախակույտերի բջջաբանական ու հյուսվածքաբանական հետազոտություններով, տրեպանոբիոպսիայով, կենսաբանական փորձով և այլ մեթոդներով:

Ոսկրահոդային տուբերկուլյոզ տարած սպաների բժշկական և մասնագիտական վերականգնման նպատակով վերափորձաքննությունը կատարվում է բուժման կուրսի ավարտից 5 տարի հետո:

Ավշահանգույցների տուբերկուլյոզ տարած սպաների վերափորձաքննությունը կատարվում է տուբերկուլյոզային ստացիոնարի պայմաններում, մանրազնին հետազոտումից հետո, իսկ միզատար ուղիների ոչ ակտիվ տուբերկուլյոզ (փոքր բշտեր (կիստաներ), բաժակների աննշան ձևափոխում, միզածորանների լորձաթաղանթի սահմանափակ սպիական ձևափոխումներ) տարածներինը՝ երիկամների միզածորանների սահմանափակ մասնահատումներից հետո առանց ֆունկցիայի խանգարման և պրոցեսի ակտիվության դիսպանսեր հսկողությունից հանելուց հետո 2 տարվա ընթացքում:

Սպաները, ենթասպաները և կին զինծառայողները փորձաքննվում են ՌԲՀ-ում՝ կախված բուժման արդյունքից: Բժշկական և մասնագիտական վերականգնման նպատակով նրանց վերջնական վերափորձաքննությունը կատարվում է բուժման հիմնական կուրսն ավարտելուց հետո, բայց ոչ շուտ, քան 3 տարի անց:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։