Հոդված 20
Հոդված 20.
Զորակոչիկների, զինծառայողների ու զինապարտների փորձաքննությունն իրականացվում է միայն ստացիոնար հետազոտումից ու բուժումից հետո:
«Ա» կետին են վերաբերում կայուն, զգալիորեն արտահայտված խանգարումները, որոնք պայմանավորված են հանգուցավոր և դիֆուզ թունավոր խպիպի ծանր (կորցրել է սկզբնական քաշի մինչև 50%-ը, կա ադինամիա, խիստ արտահայտված էկզօֆթալմ, հևոց հանգիստ ժամանակ, զարկերակի հաճախությունը՝ 120 զարկ և ավելի 1 րոպեում, հորմոնների մակարդակը զգալիորեն ավելացած է, նկատվում են տարբեր վիսցերալ փոփոխություններ), ինչպես նաև շաքարախտի (սոված ժամանակ գլիկեմիան 13,7 մմոլ/լ է, ածխաջրատային փոխանակության կարգավորման համար պահանջվում է օրական 60 և ավելի միավոր ինսուլին, նկատվում է ացետոնուրիա, կետոզ, կայուն ռետինոպաթիա, անգիոպաթիա, գլոմերուլոսկլերոզ) ծանր ձևերով: Այս կետին են վերաբերում նաև ներզատիչ գեղձերի (հիպոֆիզ, մակերիկամներ, վահանագեղձ, հարվահանագեղձ և սեռական գեղձեր) բոլոր հիվանդությունները՝ օրգանների ու համակարգերի անվերադարձ փոփոխություններով, դրանց ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումով և փոխարինող բուժման արդյունքի բացակայությամբ:
«Բ» կետին են վերաբերում կայուն, չափավոր արտահայտված խանգարումները, որոնք պայմանավորված են ներզատիչ գեղձերի միջին ծանրության հիվանդությամբ, երբ համապատասխան բուժման դեպքում աննշան չափով սահմանափակվում է փորձաքննվողի աշխատունակությունը: Միջին ծանրության թիրեոտոքսիկոզի դեպքում բնորոշ են մարմնի ելակետային քաշի 20%-ով նվազումը, մինչև 120 զարկ/րոպեում անոթազարկի հաճախությունը, հորմոնների մակարդակի միջին չափի բարձրացումը: Միջին ծանրության շաքարախտի համար բնորոշ են գլիկեմիան՝ ոչ ավելի, քան 13,7 մմոլ/լ (250 միլիգրամ-տոկոս), գլյուկոզուրիան՝ մինչև 30 գ (օրական), ածխաջրատային փոխանակության կարգավորումը կատարվում է արյան մեջ գլյուկոզան նվազեցնող պատրաստուկների ընդունման կամ օրական մինչև 60 միավոր ինսուլինի ներարկման միջոցով մշտական դիետոթերապիայի ֆոնի վրա: Ացետոնուրիա, կետոզ և դիաբետիկ կոմաներ չկան:
«Բ» կետին են վերաբերում նաև դիֆուզ թունավոր խպիպի ապաքինվող (թույլ նևրոզանման համախտանիշ, ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ դիմացկունության նվազում, անոթազարկը մինչև 100 /1րոպեում, հորմոնների մակարդակի աննշան ավելացում) ձևերը, ինչպես նաև շաքարախտի այն ձևերը, երբ գլիկեմիան օրվա ընթացքում չի անցնում 8,9 մմոլ/լ-ից (160 միլիգրամ-տոկոսից) և հեշտությամբ կարգավորվում է դիետայով, աշխատունակությունը պահպանված է:
Այս կետով են փորձաքննվում նաև աուտոիմուն թիրեոիդիտը, հիպոթալամիկ սինդրոմով զինծառայողները և զորակոչիկները:
«Գ» կետին են վերաբերում երրորդ աստիճանի ալիմենտար ճարպակալումները, երկրորդ, երրորդ աստիճանի էնդոկրին խանգարման նշաններով ճարպակալում ունեցող զորակոչիկները:
Կեղծ, բայց արտահայտված գինեկոմաստիաներով, կանացի տիպի մեծ, կախված կրծքագեղձերով հիվանդները փորձաքննվում են ըստ սույն հոդվածի «Բ» կետի:
Իսկական գինեկոմաստիաներով հիվանդները փորձաքննվում են ըստ սույն հոդվածի «Բ» կետի:
Արգելվում են միջին և մեծ ֆիզիկական ծանրաբեռնումները, ծառայությունը օդադեսանտային զորքերում:
«Դ» կետին է վերաբերում այն վիճակը, որն առկա է սուր թիրեոդիտներից, ինչպես նաև ներզատիչ գեղձերի վիրահատությունից հետո, երբ բուժումից հետո դրանց ֆունկցիաները նորմալանում են: Վիրահատությունից հետո ըստ I սյունակի փորձաքննվողներն ազատվում են ծառայողական պարտականությունների կատարումից, զորակոչիկներին տրվում է 6 ամիս տարկետում (պատերազմի ժամանակ 3 ամիս): Զորակոչիկները տարկետում ստանալուց հետո ճանաչվում են պիտանի շարային ծառայության, ոչ պիտանի՝ հատուկ զորամասերում ծառայելու համար:
Հիվանդության պատճառով ստացած արձակուրդից հետո, ըստ III սյունակի փորձաքննվողների պիտանիությունը զինվորական ծառայության և զինվորական մասնագիտությամբ ծառայության համար որոշվում է անհատապես՝ կախված բուժման ելքից:
Ըստ I սյունակի փորձաքննվողները, ովքեր ունեն I (մարմնի ավել քաշը կազմում է 10-29%) և II (մարմնի ավել քաշը կազմում է 30-34,9%) աստիճանի սննդային ճարպակալում, խաղաղ ժամանակ պիտանի են շարային ծառայության համար: III աստիճանի ճարպակալման դեպքում (35-39,9%) պիտանի են սահմանափակումով: IV աստիճանի ճարպակալման դեպքում նրանք, համաձայն «Բ» կետի, ծառայության համար խաղաղ ժամանակ ճանաչվում են ոչ պիտանի:
Այլ պատճառով ճարպակալման դեպքում պիտանիությունը զինվորական ծառայության և զինվորական մասնագիտությամբ ծառայության համար, կախված հիմնական հիվանդության ծանրության աստիճանից և ընթացքից, որոշվում է «Հիվանդությունների ցանկի» համապատասխան հոդվածներով:
Սնուցման վիճակի գնահատման համար օգտագործվում է ֆիզիկական զարգացման ինդեքսը (ՖԶԻ), որը որոշվում է ՖԶԻ=m:h բանաձևով, որտեղ m-ը մարմնի քաշն է (կգ), h-ը՝ մարդու հասակը՝ բարձրացված քառակուսի աստիճան (մ.2):
Ֆիզիկական զարգացման ինդեքսը նորմալ և խանգարումների ժամանակ տրված է 1-ին և 2-րդ աղյուսակներում: