Հոդված 37
Հոդված 37.
«Ա» կետին են վերաբերում կոնքի ոսկրերի զարգացման անոմալիաները կամ հիվանդությունների հետևանքները՝ կոնքային օղի խիստ արտահայտված ձևափոխումով և կազմվածքի ու քայլքի խանգարումով, կոնքի ոսկրերի կոտրվածքի հետևանքները՝ վիրահատական անբավարար արդյունքների հետևանքով, ներքին օրգանների վնասումով կոնքի ոսկրերի սխալ սերտաճած բազմաթիվ ուղղահայաց կոտրվածքները՝ կոնքային օղի միասնականության խախտումով, ազդրոսկրագլխիկի խոռոչի շրջանում կոնքի ոսկրերի կոտրվածքի հետևանքները՝ ազդրոսկրի գլխիկի կենտրոնական հոդախախտումով, կոնքազդրային հոդում անկիլոզի կամ ձևախեղող օստեարթրոզի երևույթներով՝ ֆունկցիայի զգալի խանգարումով:
«Բ» կետին են վերաբերում կոնքի ոսկրերի զարգացման անոմալիաները, կոնքազդրային հոդերում կամ ողնաշարում հիվանդությունների ու վնասվածքների հետևանքով առաջացած ձևախախտումները՝ շարժումների չափավոր սահմանափակումով:
«Գ» կետին վերաբերում են կոնքազդրային հոդերում կամ ողնաշարում շարժումներն աննշան չափով սահմանափակող, աշխատունակությանը չազդող դեպքերը:
Եթե կոնքի ձևախեղումների ժամանակ առաջանում է ստորին վերջույթների կարճացում (քայլվածքի ու կազմվածքի խանգարումով), ապա կիրառվում է համապատասխան հոդվածը:
Առանց կոնքային օղի ձևախեղման կոնքի առանձին ոսկրերի մեկուսացած կոտրվածքներից հետո, զորակոչիկների, զինծառայողների պիտանիությունը շարային ծառայությանը չի սահմանափակվում: Կոնքազդրային հոդում շարժումների ծավալը որոշելիս կիրառվում է 4-րդ աղյուսակը: