Հոդված 27
Հոդված 27.
«Ա» կետին են վերաբերում երրորդ փուլի զարկերակային հիպերտենզիայի դանդաղ զարգացող և արագընթաց (չարորակ) ձևերը:
Ախտանշանային հիպերտենզիայով տառապող զինծառայողների փորձաքննության համար անհրաժեշտ է ղեկավարվել «Հիվանդությունների ցանկի» հոդվածներով՝ հիմք ընդունելով հիմնական հիվանդությունը, իսկ անարդյունք բուժման կամ բարդ ձևերի արմատական բուժման անհնարինության դեպքում՝ նաև սույն հոդվածի «Ա» կետը:
Զարկերակային հիպերտենզիայի երրորդ փուլը բնութագրվում է զարկերակային ճնշման կայուն, բարձր մակարդակով (նվազագույնը՝ սնդիկի սյան 110մմ և ավելի, առավելագույնը՝ սնդիկի սյան 180մմ և ավելի): Այս ցուցանիշները կարող են նվազել սրտամկանի ինֆարկտ տարած անձանց մոտ: Կլինիկական պատկերում գերակշռում են անոթային ծանր խանգարումները՝ պայմանավորված սրտի, ուղեղի, երիկամների և աչքի հատակի աթերոսկլերոզով ու արտերիոսկլերոզով, որոնք հանգեցնում են օրգանների ու համակարգերի ֆունկցիայի չափավոր խանգարման, սակայն բարեհաջող բուժման դեպքում հնարավոր է լրիվ կամ մասնակի վերականգնել աշխատունակությունը:
«Բ» կետին է վերաբերում երկրորդ փուլի զարկերակային հիպերտենզիան, որը բնորոշվում է զարկերակային ճնշման կայուն, բարձր մակարդակով (նվազագույնը՝ սնդիկի սյան 100-109մմ, առավելագույնը՝ սնդիկի սյան 160-179մմ) և առանց ախտածագումնաբանորեն հիմնավորված բուժման չի կարգավորվում: Զարկերակային հիպերտենզիայի երկրորդ փուլին հատուկ է սրտամկանի գերաճը՝ գերբեռնվածության, հիպոքսիայի կամ իշեմիայի նշաններով: Այն հաստատվում է ինչպես կլինիկական, այնպես էլ գործիքային հետազոտությունների ու չափավոր ծանրաբեռնվածության փորձերի միջոցով:
Զարկերակային հիպերտենզիայի երկրորդ փուլին բնորոշ են նաև ուղեղի արյան շրջանառության, դինամիկ խանգարումներն անցողիկ (շարժողական, զգացողական, խոսքի, ուղեղիկային, լսողական և այլ բնույթի) դրսևորումներով: Օրգանների ու համակարգերի ֆունկցիան խանգարված է չափավոր, աշխատունակությունը նվազած, բայց հաջող բուժման դեպքում կարող է լրիվ կամ մասնակի վերականգնվել:
Խաղաղ ժամանակ զորակոչիկները և ժամկետային զինծառայողները ճանաչվում են զինվորական ծառայության համար ոչ պիտանի: III սյունակով նախատեսված փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է անհատապես՝ հաշվի առնելով հիվանդության արտահայտվածությունը, տարիքը, ծառայության բնույթը, ծառայողական և բժշկական բնութագրերի տվյալները:
«Գ» կետին է վերաբերում ստացիոնար հետազոտման ժամանակ բացահայտված զարկերակային հիպերտենզիայի առաջին փուլը, որը բնորոշվում է որևէ գրգռիչի ազդեցությամբ զարկերակային ճնշման ժամանակավոր (տրանզիտոր) բարձրացումով (նվազագույնը՝ սնդիկի սյան 90-99մմ, առավելագույնը՝ սնդիկի սյան 140-159մմ): Կլինիկական պատկերում սովորաբար բացակայում են սրտի, գլխուղեղի, երիկամների օրգանական փոփոխությունները: Հնարավոր է աչքերի հատակի զարկերակների չափավոր նեղացում և երակների լայնացում: Աշխատունակությունը պահպանված է: Օրգանների ու համակարգերի ֆունկցիան խանգարված չէ կամ խանգարված է աննշան չափով:
Զորակոչիկների փորձաքննության ժամանակ զարկերակային հիպերտենզիայի ախտորոշումը պետք է հաստատվի ստացիոնար հետազոտության տվյալներով:
Երիտասարդների զարկերակային հիպերտենզիայի դեպքում կատարվում է տարբերակված ախտորոշում՝ ախտանշանային հիպերտենզիան ժխտելու համար: Ախտանշանային հիպերտենզիայով տառապող անձինք փորձաքննվում են ըստ հիմնական հիվանդության: