Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 30

գործել է մինչև 2013-06-11Բացել ARLIS-ում

Հոդված 30.

Նկատի են առնված կերակրափողի, ստամոքսի, աղիների, որովայնամզի, լյարդի, լեղապարկի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի, փայծաղի հիվանդությունները:

«Ա» կետին են վերաբերում ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդությունը՝ բարդացած պենետրացիայով և ստամոքսաելքի նեղացումով (վիրահատության վերաբերյալ ցուցումների բացակայության կամ դրանից հրաժարվելու դեպքում), ստամոքսի մասնահատման, աղեստամոքսային անաստամոզի հետևանքները՝ մարսողության ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումով և սնուցման անկումով, լյարդի ցիռոզը, քրոնիկական, ակտիվ հեպատիտների և քրոնիկական պանկրեատիտների ծանր ձևերը՝ ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումով, քրոնիկական, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտների ու էնտերիտների ծանր ձևերը՝ մարսողության խիստ արտահայտված խանգարումով և սնուցման անկումով:

«Բ» կետին են վերաբերում մարսողության չափավոր խանգարումով, սնուցման անկումով և հաճախակի, տևական սրացումներով (տարին երկու և ավելի անգամ) ուղեկցվող աղեստամոքսային համակարգի քրոնիկական հիվանդությունները՝ հեպատիտները, պանկրեատիտները, քարային և ոչ քարային խոլեցիստիտները, գաստրոդուոդենիտները՝ արտազատման, թթվագոյացման ֆունկցիաների զգալի խանգարմամբ, սնուցման անկումով և հաճախակի սրացումներով (տարին երկու և ավելի անգամ), որոնք ապարդյուն ստացիոնար բուժման դեպքում պահանջում են կրկնակի և տևական հոսպիտալացում, քրոնիկական կրկնվող ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտները և էնտերիտները, քարային խոլեցիստիտները, եթե քարի չափը գերազանցում է 0,6 սմ:

Խոցային հիվանդության ախտորոշումը պետք է հաստատվի ստացիոնար պայմաններում, ռենտգենաբանական և էնդոսկոպիկ հետազոտություններով: Գաստրոդուոդենալ ախտահարման ռենտգենաբանական հետազոտությունը կատարվում է հիվանդի ուղղահայաց և հորիզոնական դիրքով՝ բնական կոնտրաստով պիլորոդուոդենալ գոտու լիարժեք լցումով բազմառանցքային նշանոցային լուսանկարներ ստանալու համար:

Այս կետին են վերաբերում նաև տասներկումատնյա աղու կոճղեզի արտահայտված ձևախախտումները և փայծաղի չափերի մեծացումը նորմայից 1սմ և ավելի, լյարդի մեծացումը 2սմ և ավելի՝ անկախ ֆունկցիայի խանգարման աստիճանից: Եթե լյարդի չափերը նորմալ են կամ փոքր, ապա փորձաքննությունը կատարվում է ըստ ֆունկցիաների խանգարման աստիճանի:

Բարորակ հիպերբիլիռուբինեմիայով զորակոչիկները, եթե նրանց արյան մեջ անուղղակի բիլիռուբինը մինչև 25 մկմոլ/լ է, ճանաչվում են պիտանի սահմանափակումով (արգելվում է ծառայությունը ցուրտ և խոնավ շրջաններում, ֆիզիկական ծանրաբեռնումները 10կգ և ավելի, վազքը 100մ-ից ավելի: Մարտական հերթափոխը հակացուցված չէ): Եթե արյան մեջ անուղղակի բիլիռուբինը 25 մկմոլ/լ և ավելի, ապա զորակոչիկներին տրվում է տարկետում մինչև 1 տարի, որից հետո կրկնակի փորձաքննություն, իսկ զինծառայողները պիտանի չեն և փորձաքննվում են ըստ «Բ» կետի:

«Գ» կետին են վերաբերում որովայնի խոռոչի օրգանների սուր հիվանդությունների հետևանքները: III, IV սյունակներով նախատեսված փորձաքննվողներին խոցային հիվանդության պատճառով արձակուրդ տալու անհրաժեշտության մասին որոշումն ընդունվում է բացառիկ դեպքերում, երբ աշխատունակության վերականգնման համար պահանջվում է առնվազն մեկ ամիս:

«Դ» կետը վերաբերում է այն զորակոչիկներին, ովքեր տասներկումատնյա աղու խոցի սուր (սկզբնական) ձև են տարել: Նրանց տրվում է տարկետում մինչև 6 ամիս ժամկետով, եթե ստացիոնար բուժումից հետո անցել է մինչև 3 ամիս:

Տասներկումատնյա աղիքի խոցով հիվանդ զորակոչիկները և զինծառայողները ծառայության չեն ուղարկվում անբարենպաստ կլիմա ունեցող շրջաններում տեղաբաշխված զորքեր:

Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի ոչ բարդ ախտանշաններով խոցերի դեպքում զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշվում է ըստ հիմնական հիվանդության ծանրության ու ընթացքի: Բարդ խոցերի դեպքում ըստ I սյունակի փորձաքննվողները զինծառայության համար ճանաչվում են ոչ պիտանի, իսկ ըստ III սյունակի փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է անհատապես:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։