Հոդված 25. Ուղղիչ աշխատանքներ առանց ազատազրկման
Հոդված 25. Ուղղիչ աշխատանքներ առանց ազատազրկման
Ուղղիչ աշխատանքներն առանց ազատազրկման նշանակվում են երկու ամսից մինչև երկու տարի ժամանակով, և դատարանի դատավճռում տրված ցուցումի համաձայն դատապարտյալը դրանք կրում է կամ իր աշխատանքի վայրում, կամ ուղղիչ աշխատանքները տնօրինող մարմինների նշանակմամբ, դատապարտյալի բնակության շրջանի այլ վայրերում: Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտվածի վաստակից որպես պետական եկամուտ պահում է կատարվում դատարանի դատավճռով սահմանված չափով` այդ վաստակի հինգից մինչև քսան տոկոսը:
Անաշխատունակ ճանաչված անձանց նկատմամբ դատարանը կարող է ուղղիչ աշխատանքները փոխարինել տուգանքով` հաշվելով մեկ ամսվա ուղղիչ աշխատանքների դիմաց հարյուր դրամ տուգանք, իսկ ոչ շահադիտական հանցագործությունների համար` նույն հաշվարկով, սակայն հազար հինգ հարյուր դրամից ոչ ավելի գումարով կամ պատճառված վնասը հարթելու պարտականություն դնելով:
Այն դեպքում, երբ աշխատանքի վայրում պատժի կրումով առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտված անձը խուսափում է պատիժը կրելուց, դատարանը ներքին գործերի մարմնի ներկայացմամբ կամ էլ հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի միջնորդությամբ կարող է պատիժը կրելու համար այդ անձին ուղարկել ուղղիչ աշխատանքների կիրառումը տնօրինող մարմինների կողմից որոշվող այլ վայրեր, բայց դատապարտյալի բնակության շրջանում:
Երբ առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտված անձը չարամտորեն խուսափում է պատիժը կրելուց, դատարանն ուղղիչ աշխատանքների չկրած ժամանակը կարող է փոխարինել ազատազրկմամբ նույն ժամանակով:
Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքներ կրելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Եթե դատապարտյալն առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքներ կրելիս աշխատել է բարեխիղճ և օրինակելի վարք է ունեցել, դատարանը, պատժի կրումն ավարտելուց հետո հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի միջնորդությամբ, կարող է առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների կրած ժամանակը մտցնել ընդհանուր աշխատանքային ստաժի մեջ:
(26.12.69, 29.12.82, 11.05.92, 19.05.94 խմբագրությամբ)