Հոդված 41. Պայմանական դատապարտություն
Հոդված 41. Պայմանական դատապարտություն
Եթե ազատազրկման կամ ուղղիչ աշխատանքների ձևով պատիժ նշանակելիս դատարանը, հաշվի առնելով գործի հանգամանքները և հանցավորի անձը, հանգի այն համոզմունքին, որ նպատակահարմար չէ նշանակված պատիժը հանցավորի կողմից կրելը, ապա կարող է որոշում կայացնել, որպեսզի այդ պատիժը հանցավորի նկատմամբ պայմանական կերպով չկիրառվի, դատավճռում անպայման նշելով պայմանական դատապարտության շարժառիթները: Այդ դեպքում դատարանը որոշում է ի կատար չածել դատավճիռը, եթե դատարանի սահմանած փորձաշրջանի ընթացքում դատապարտյալը չկատարի նոր հանցագործություն և օրինակելի վարքով ու ազնիվ աշխատանքով արդարացնի իր նկատմամբ ցուցաբերված վստահությունը: Պայմանականորեն դատապարտվածների վարքի նկատմամբ վերահսկողություն են իրականացնում ներքին գործերի մարմինները, իսկ անչափահասների նկատմամբ` նաև պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր անչափահասների գործերի հանձնաժողովները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Դատարանը փորձաշրջան նշանակում է մեկ տարուց մինչև հինգ տարի տևողությամբ:
Եթե պայմանականորեն դատապարտվածը փորձաշրջանի ընթացքում նոր հանցագործություն կատարի, ապա դատարանը նրա նկատմամբ պատիժ է նշանակում սույն օրանսգրքի 38 հոդվածով նախատեսված կանոններով:
Պայմանական դատապարտության դեպքում կարող են նշանակվել լրացուցիչ պատիժներ, բացառությամբ աքսորի, արտաքսման և գույքի բռնագրավման:
Հաշվի առնելով գործի հանգամանքները, հանցավորի անձը, ինչպես նաև նրան պայմանականորեն դատապարտելու մասին հասարակական կազմակերպությունների կամ հանցավորի աշխատանքի վայրի աշխատավորական կոլեկտիվի միջնորդությունը, դատարանը պայմանականորեն դատապարտվածին կարող է հանձնել այդ կազմակերպություններին կամ կոլեկտիվին նրան վերադաստիարակելու և ուղղելու համար: Նշված միջնորդության բացակայության դեպքում դատարանը կարող է որոշակի աշխատավորական կոլեկտիվի կամ անձի վրա, նրանց համաձայնությամբ, դնել պայմանականորեն դատապարտվածին հսկելու և նրա հետ դաստիարակչական աշխատանք կատարելու պարտականությունը:
Այն հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի միջնորդությամբ որոնց հանձնարարված է հսկողությունը պայմանականորեն դատապարտվածի նկատմամբ, դատարանը կարող է կրճատել դատավճռով սահմանված փորձաշրջանը: Փորձաշրջանի կրճատման հարց կարող է դրվել այդ ժամկետի ոչ պակաս, քան կեսն անցնելուց հետո:
Եթե պայմանականորեն դատապարտվածը փորձաշրջանի ընթացքում սիստեմատիկաբար խախտել է հասարակական կարգը, որն առաջացրել է վարչական տույժի կամ հասարկական ներգործության միջոցների կիրառում, ապա ներքին գործերի մարմնի, իսկ անչափահասի նկատմամբ` նաև պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդի գործադիր կոմիտեին առընթեր անչափահասների գործերի հանձնաժողովի ներկայացմամբ դատարանը կարող է որոշում կայացնել պայմանական դատապարտությունը վերացնելու և դատապարտյալին դատավճռով նշանակված պատիժը կրելու ուղարկելու մասին:
Եթե ուղղման և վերադաստիարակման, ինչպես նաև հսկողության նպատակով հասարակական կազմակերպությանը կամ աշխատավորական կոլեկտիվին հանձնված պայմանականորեն դատապարտվածը չի արդարացրել նրանց վստահությունը, խախտել է խոստումն օրինակելի վարքով և ազնիվ աշխատանքով ապացուցելու իր ուղղվելը կամ էլ թողել է աշխատավորական կոլեկտիվը` հասարակական ներգործությունից խուսափելու նպատակով, ապա հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի միջնորդությամբ դատարանը կարող է որոշում կայացնել պայմանական դատապարտությունը վերացնելու և դատապարտյալին դատավճռով նշանակված պատիժը կրելու ուղարկելու մասին:
(29.12.82, 10.08.90, 15.04.91, 19.05.94 խմբագրությամբ)