Հոդված 49. Պատժից պայմանական վաղակետ ազատելը և պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելը
Հոդված 49. Պատժից պայմանական վաղակետ ազատելը և պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելը
Ազատազրկման, պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով պայմանական ազատազրկման, աքսորի, արտաքսման, ուղղիչ աշխատանքների կամ կարգապահական գումարտակ կամ դաստիարակչական-աշխատանքային պրոֆիլակտորիում ուղարկելու դատապարտված անձանց նկատմամբ, ինչպես նաև այն անձանց նկատմամբ, ովքեր սույն օրենսգրքի 49.2 հոդվածին համապատասխան,ազատազրկման վայրերից պայմանականորեն ազատվել են պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով, բացի սույն օրենսգրքի 49.1 հոդվածում թվարկված անձերից, կարող է կիրառվել պատժից պայմանական վաղակետ ազատում կամ պատժի չկրած մասի փոխարինում ավելի մեղմ պատժով:
Պատժից պայմանական վաղակետ ազատում կամ պատժի չկրած մասի փոխարինում ավելի մեղմ պատժով դատապարտյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե նա օրինակելի վարքագծով և աշխատանքի նկատմամբ ազնիվ վերաբերմունքով ապացուցել է իր ուղղված լինելը:
Պատժից պայմանական վաղակետ ազատում կամ պատժի չկրած մասի փոխարինում ավելի մեղմ պատժով կիրառում է դատապարտյալի պատիժը կրելու վայրը դատարանը` պատժի կատարումը տնօրինող մարմնի միջնորդագրով, իսկ պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով պայմանականորեն ազատազրկման դատապարտված և պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով ազատազրկման վայրերից պայմանականորեն ազատված անձանց նկատմամբ` նաև դատապարտյալի աշխատանքի վայրի ադմինիստրացիայի ու հասարակական կազմակերպությունների համատեղ միջնորդագրով, իսկ պատիժը կարգապահական գումարտակում կրող անձի նկատմամբ` կարգապահական գումարտակի հրամանատարության միջնորդագրով, բացառիկ դեպքերում` անկախ պատժի նշանակված ժամկետի փաստորեն կրումից, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության ներման հարցերի հանձնաժողովի միջնորդագրով:
Պատժից պայմանական վաղակետ ազատում կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինում կարող է կիրառվել, երբ դատապարտյալը փաստորեն կրել է պատժի նշանակված ժամկետի ոչ պակաս, քան կեսը:
Այն անձանց նկատմամբ, ովքեր`
1) դիտավորյալ հանցագործության համար դատապարտվել են ազատազրկման երեք տարուց ավելի ժամանակով.
2) դիտավորյալ հանցագործության համար նախկինում պատիժը կրել են ազատազրկման վայրերում և մինչև դատվածությունը մարվելը կամ վերացվելը նորից կատարել են դիտավորյալ հանցագործություն, որի համար դատապարտվել են ազատազրկման.
3) ազատազրկման վայրերում պատիժը կրելու ժամանակ կատարել են դիտավորյալ հանցագործություն, որի համար դատապարտվել են ազատազրկման` պատժից պայմանական վաղակետ ազատում կամ պատժի չկրած մասի ավելի մեղմ պատժով փոխարինում կարող է կիրառվել պատժի նշանակված ժամկետի առնվազն երկու երրորդը փաստորեն կրելուց հետո:
Այն անձանց նկատմամբ, ովքեր դատապարտվել են ծանրացուցիչ հանգամանքներում կեղծ փող կամ արժեթղթեր պատրաստելու կամ իրացնելու (82 հոդվածի երկրորդ մաս), գույքի առանձնապես խոշոր չափերի հասնող հափշտակման (90 հոդվածի չորրորդ մաս), ծանրացուցիչ հանգամանքներում կատարված շորթման (94 հոդվածի երրորդ մաս), մի քանի անձանց կողմից կատարված բռնաբարության կամ անչափահաս աղջկա բռնաբարության (112 հոդվածի երրորդ մաս), ծանրացուցիչ հանգամանքներում կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության կամ կաշառք տալու (185 հոդվածի երկրորդ և երրորդ մասեր, 185.1 հոդվածի երկրորդ մաս, 186 հոդվածի երկրորդ մաս), ռադիոակտիվ նյութեր հափշտակելու (237.3 հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում վաճառքի նպատակով թմրանյութեր պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու, ինչպես նաև գործածելու կամ թմրանյութեր վաճառելու (229 հոդվածի երկրորդ մաս), ծանրացուցիչ հանգամանքներում թմրանյութեր հափշտակելու, բացի ավազակային հարձակման միջոցով, ինչպես նաև խոշոր չափերով կատարված հափշտակությունից (229.1 հոդվածի երկրորդ մաս), համար`
պատժից պայմանական վաղակետ ազատում կամ պատժի չկրած մասի ավելի մեղմ պատժով փոխարինում կարող է կիրառվել պատժի նշանակված ժամկետի առնվազն երեք քառորդը փաստորեն կրելուց հետո:
Պատժից պայմանական վաղակետ ազատելու կամ պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինվելու դեպքում դատապարտյալը կարող է ազատվել նաև լրացուցիչ պատիժներից` աքսորից, արտաքսումից, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկումից:
Ազատազրկումի չկրած մասն աքսորով, արտաքսումով կամ ուղղիչ աշխատանքներով փոխարինվելու դեպքում դրանք նշանակվում են պատժի այդ տեսակների համար օրենքով սահմանած ժամկետների շրջանակներում և չպետք է գերազանցեն ազատազրկման չկրած ժամկետը:
Պատժից պայմանական վաղակետ ազատում կամ պատժի չկրած մասի ավելի մեղմ պատժով փոխարինում կիրառելով, դատարանը կարող է որոշակի աշխատավորական կոլեկտիվի վրա, նրա համաձայնությամբ,պարտականություն դնել դատարանի նշանակած պատժի ժամկետի չկրած մասի ընթացքում հսկողություն սահմանելու պայմանական վաղակետ ազատվածի նկատմամբ կամ այն անձի նկատմամբ, որի պատժի չկրած մասը փոխարինվել է ավելի մեղմ պատժով, և դաստիարակչական աշխատանք տանելու նրա հետ:
Եթե պայմանական վաղակետ ազատված անձը պատժի չկրած մասի ընթացքում կատարել է նոր հանցագործություն, դատարանը նրա նկատմամբ պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 38 հոդվածով նախատեսված կանոններով: Ընդ որում դատարանը կարող է հիմնական պատժին միացնել առաջին դատավճռով նշանակված լրացուցիչ պատժաչափը:
(28.04.77, 28.05.80, 29.12.82, 28.08.85, 25.06.86, 25.07.88, 10.03.90, 18.12.91, 11.05.92 խմբագրությամբ)