Հոդված 41
Հոդված 41
1. Կողմերը պարտավորվում են թույլ տալ ազատ փոխարկելի տարադրամով կատարելու ցանկացած ընթացիկ վճարում Հայաստանի Հանրապետության և Համայնքի ռեզիդենտների միջև` կապված ապրանքների, ծառայությունների կամ ֆիզիկական անձանց` սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան կատարվող շարժի հետ:
2. Ինչ վերաբերում է վճարային հաշվեկշռի կապիտալի հաշվում կատարվող գործառնություններին, ապա սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո կապահովագրվեն հյուրընկալող երկրի օրենքներին համապատասխան կազմավորված ընկերություններում կատարված ուղղակի ներդրումների, ինչպես նաև 2-րդ գլխի դրույթների համաձայն կատարված ներդրումների հետ կապված կապիտալի ազատ շարժը և այդ ներդրումների ու դրանցից ստացված ցանկացած օգուտի լուծարումը կամ հայրենադարձումը:
3. Առանց հակասելու 2-րդ կամ 5-րդ կետերին, սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո չպետք է մտցվեն նոր տարադրամային սահմանափակումներ կապիտալի շարժի համար և, դրա հետ անմիջապես կապված, Հայաստանի Հանրապետության և Համայնքի ռեզիդենտների միջև ընթացիկ վճարումների կատարման համար, և արդեն իսկ գործող միջոցները չպետք է դառնան առավել սահմանափակ:
4. Կողմերը կխորհրդակցեն միմյանց հետ` հեշտացնելու համար, վերոհիշյալ 2-րդ կետում նշված ձևերից բացի, կապիտալի այլ ձևերի շարժը Հայաստանի Հանրապետության և Համայնքի միջև` ելնելով սույն Համաձայնագրի նպատակներից:
5. Վկայակոչելով սույն Հոդվածի դրույթները` մինչև Միջազգային արժութային հիմնադրամի (ՄԱՀ) Համաձայնագրի Հոդվածների 8-րդ Հոդվածի իմաստով հայկական դրամի լիարժեք փոխարկելի դառնալը, Հայաստանի Հանրապետությունը բացառիկ դեպքերում կարող է կիրառել տարադրամային սահմանափակումներ` կապված կարճաժամկետ կամ միջին ժամկետով ֆինանսական վարկեր տալու կամ վերցնելու հետ` այն առումով, որ այդպիսի սահմանափակումները դրված են Հայաստանի Հանրապետության վրա այդպիսի վարկեր տալու համար և թույլատրվում են` ելնելով ՄԱՀ-ում Հայաստանի Հանրապետության կարգավիճակից: Հայաստանի Հանրապետությունը պետք է կիրառի այս սահմանափակումները ոչ խտրական եղանակով: Դրանք կկիրառվեն այնպիսի եղանակով, որը նվազագույնս կվնասի սույն Համաձայնագրին: Հայաստանի Հանրապետությունը ժամանակին կտեղեկացնի Համագործակցության խորհրդին նման միջոցներ կիրառելու և դրանցում որևէ փոփոխություն կատարելու մասին:
6. Առանց հակասելու 1-ին և 2-րդ կետերին, բացառիկ դեպքերում, եթե կապիտալի շարժը Հայաստանի Հանրապետության և Համայնքի միջև պատճառ է դառնում կամ սպառնում է պատճառ դառնալ լուրջ դժվարությունների առաջացման Հայաստանի Հանրապետությունում կամ Համայնքում դրամավարկային քաղաքականության իրականացման համար, ապա Հայաստանի Հանրապետությունը և Համայնքը, համապատասխանաբար, կարող են Հայաստանի Հանրապետության և Համայնքի միջև կապիտալի շարժի առնչությամբ ձեռնարկել նախազգուշական միջոցներ ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով, եթե այդպիսի միջոցները խիստ անհրաժեշտ են: