Հոդված 60. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հոդված 60. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
1. Առողջապահության և անվտանգության առումով, Կողմերը կզարգացնեն համագործակցությունը` աշխատողների առողջության պահպանման և անվտանգության մակարդակը բարելավելու նպատակով: Համագործակցությունը մասնավորապես ընդգրկում է.
- ուսուցում և մասնագիտական վերապատրաստում առողջապահության և անվտանգության հարցերում` հատուկ ուշադրություն դարձնելով բարձր ռիսկի գործոնի հետ կապված գործունեության ոլորտներին,
- մասնագիտական հիվանդությունների և մասնագիտական այլ բացասական հետևանքների կանխարգելմանն ուղղված միջոցառումների խրախուսում և կատարելագործում,
- խոշոր աղետների կանխարգելում և թունավոր քիմիկատների հետ կապված աշխատանքների կառավարում,
- աշխատանքային միջավայրում աշխատողների առողջության պահպանմանը և անվտանգությանը վերաբերող հետազոտությունների կատարում` հիմնարար գիտելիքներ կուտակելու նպատակով:
2. Զբաղվածության հարցերում համագործակցությունը կներառի բացառապես տեխնիկական օգնություն.
- աշխատանքի շուկայի օպտիմիզացում,
- զբաղվածության հարցերով ծառայությունների և խորհրդատվական ծառայությունների համակարգերի նորացում,
- վերակառուցման ծրագրերի պլանավորում և կառավարում,
- տեղական զբաղվածության խրախուսում,
- ճկուն զբաղվածության, ներառյալ անհատական աշխատանքային գործունեությունը խթանող և ձեռներեցությունը խրախուսող ծրագրերի մասին տեղեկության փոխանակում:
3. Կողմերը հատուկ ուշադրություն կդարձնեն համագործակցությանը սոցիալական պաշտպանության ոլորտում, որը, ի թիվս այլոց, կընդգրկի Հայաստանի Հանրապետությունում սոցիալական պաշտպանության բարեփոխումների պլանավորումը և իրագործումը:
Այդ բարեփոխումները կնպատակաուղղվեն շուկայական տնտեսությանը բնորոշ սոցիալական պաշտպանվածության մեթոդների զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում և կընդգրկեն սոցիալական պաշտպանության բոլոր ձևերը: