Հոդված 54. ԷՆԵՐԳԵՏԻԿԱ
Հոդված 54. ԷՆԵՐԳԵՏԻԿԱ
1. Համագործակցությունը տեղի կունենա շուկայական տնտեսության և Եվրոպական էներգետիկ խարտիայի սկզբունքներին համապատասխան` հաշվի առնելով Էներգետիկ խարտիայի պայմանագիրը, էներգետիկայի արդյունավետության և առնչվող շրջակա միջավայրի ասպեկտների վերաբերյալ Արձանագրությունը, հիմնվելով Եվրոպայում էներգիայի շուկաների աճող ինտեգրացման վրա:
2. Համագործակցությունը կընդգրկի նաև հետևյալ բնագավառները`
- էներգետիկ քաղաքականության մշակում և զարգացում,
- էներգետիկ սեկտորի կառավարման և կարգավորման բարելավում` շուկայական տնտեսությանը համապատասխան,
- էներգիայի մատակարարման տնտեսապես և շրջակա միջավայրի առումով ընդունելի պայմաններով անվտանգության կատարելագործում,
- էներգիայի խնայողության և արդյունավետ օգտագործման խրախուսում, էներգետիկ խարտիայի, էներգիայի արդյունավետության և առնչվող շրջակա միջավայրի ասպեկտների մասին Արձանագրության իրագործում,
- էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացում,
- էներգիայի բոլոր տեսակների էներգամատակարարման և սպառման տեխնոլոգիաների կատարելագործում,
- Էներգետիկայի ոլորտում կառավարման և տեխնիկական վերապատրաստում,
- էներգետիկ արտադրանքի և հումքի տեղափոխում և տարանցում,
- էներգիայի ոլորտում առևտրի և կապիտալ ներդրումների ընդլայնման համար կառուցվածքային, իրավական, հարկային և մի շարք այլ անհրաժեշտ միջոցների ընդունում,
- հիդրոէներգիայի և էներգիայի այլ վերականգնելի աղբյուրների զարգացում:
3. Կողմերը էներգետիկ ոլորտում կփոխանակեն կապիտալ ներդրումների ծրագրերի վերաբերյալ համապատասխան տեղեկություն, մասնավորապես, նավթատարների և գազատարների կառուցման և վերանորոգման, ինչպես նաև էներգետիկ արտադրանքի փոխադրման այլ միջոցների վերաբերյալ: Նրանք կհամագործակցեն` նպատակ ունենալով, էներգետիկայի ոլորտում կապիտալ ներդրումների առումով, հնարավորին չափ արդյունավետ կիրառել 4-րդ բաժնի 47-րդ Հոդվածի դրույթները: