Հոդված 51. ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հոդված 51. ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
1. Կողմերը կնպաստեն փոխշահավետ հիմունքներով համագործակցության զարգացմանը քաղաքացիական նպատակներով կատարվող գիտական հետազոտությունների և տեխնիկական զարգացման բնագավառում (ԳՏԶ)` հաշվի առնելով ռեսուրսների առկայությունը, իրենց համապատասխան ծրագրերին համարժեք մատչելիության հիման վրա, ընդ որում` մտավոր, արդյունաբերական և կոմերցիոն սեփականության իրավունքների արդյունավետ պաշտպանության (ՄՍԻՊ) համապատասխան մակարդակ ապահովելու պայմանով:
2. Գիտատեխնիկական համագործակցությունը ընդգրկում է.
- գիտատեխնիկական տեղեկության փոխանակում,
- համատեղ միջոցառումներ ԳՏԶ-ի բնագավառում,
- մասնագիտական վերապատրաստման միջոցառումներ և փոխանակման ծրագրեր` երկու Կողմերի ԳՏԶ-ների մեջ ընդգրկված գիտնականների, հետազոտողների և մասնագետների համար:
Երբ համագործակցությունը դրսևորվում է այնպիսի գործունեությունների ձևով, որոնք ընդգրկում են մասնագետների ուսուցում և/կամ պատրաստում, այն կիրականացվի 52-րդ Հոդվածին համապատասխան: Կողմերը, փոխադարձ համաձայնության հիման վրա, կարող են գիտության և տեխնիկայի բնագավառում համագործակցություն իրականացնել այլ ձևերով:
Այդպիսի համագործակցություն իրականացնելիս հատուկ ուշադրություն կդարձվի այն գիտնականներին, ինժեներներին, հետազոտողներին և մասնագետներին, որոնք ընդգրկված են եղել կամ ընդգրկված են զանգվածային ոչնչացման զենքին առնչվող հետազոտություններում և/կամ դրանց արտադրության մեջ:
3. Սույն Հոդվածով նշված համագործակցությունը կիրականացվի բանակցությունների արդյունքում յուրաքանչյուր Կողմում գործող ընթացակարգերին համապատասխան ձեռք բերված հատուկ պայմանավորվածությունների համաձայն, որից կբխեն, ի թիվս այլոց, ՄՍԻՊ-ի վերաբերյալ համապատասխան դրույթները: