Հոդված 16
Հոդված 16.
Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձեռնմխելիության իրավունք: Մարդուն կարելի է ազատությունից զրկել կամ նրա ազատությունը սահմանափակել միայն օրենքով սահմանված կարգով և հետևյալ դեպքերում՝
1) երբ նա դատապարտվում է ազատազրկման իրավասու դատարանի կողմից.
2) դատարանի օրինական վճիռը չկատարելու համար կամ օրենքով նախատեսված պարտավորության կատարումն ապահովելու նպատակով.
3) հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում, կամ երբ դա անհրաժեշտ է նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար.
4) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու դատարանին ներկայացնելու նպատակով.
5) վարակիչ հիվանդությունների տարածումը և հասարակական այլ վտանգները կանխելու նպատակով.
6) նրա անօրինական մուտքը Հանրապետություն կանխելու, նրան արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով:
Յուրաքանչյուր ձերբակալված իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է իր ձերբակալման պատճառների և ներկայացվող մեղադրանքի մասին: Ձերբակալության մասին անհապաղ տեղեկացվում է ձերբակալվածի ընտանիքը կամ նրա կողմից ընտրված անձը։ Ձերբակալվածը պարտավոր չէ առանց իր պաշտպանի մասնակցության որևէ ցուցմունք տալ։
Ձերբակալված յուրաքանչյուր ոք պետք է 48 ժամվա ընթացքում բերման ենթարկվի դատարան, որը պետք է ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում որոշում կայացնի նրա նկատմամբ կալանք կամ այլ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Անձի ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով:
Մարդուն կարելի է կալանավորել միայն դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով։ Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր կալանավորման օրինականությունն ու հիմնավորվածությունը վիճարկել վերադաս դատական ատյանում:
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապօրինի ձերբակալման կամ կալանքի տակ պահվելու համար օրենքով սահմանված հիմքերով և կարգով պատճառված վնասի հատուցման:
Ոչ ոք չի կարող ձերբակալվել, կալանքի տակ պահվել կամ դատապարտվել ազատազրկման միայն իր պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար:
Մարդուն չի կարելի խուզարկել այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգով: