Հոդված 55
Հոդված 55.
Հանրապետության Նախագահը՝
1) ուղերձով դիմում է ժողովրդին և Ազգային ժողովին.
2) Ազգային ժողովի ընդունած օրենքն ստանալուց հետո քսանմեկօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է այն:
Այդ ժամկետում կարող է օրենքն առարկություններով կամ առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում: Հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը.
3) Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ խորհրդակցելուց հետո, Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով, կարող է կրճատել գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը և նշանակել արտահերթ ընտրություն: Արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը կրճատելուց ոչ շուտ, քան երեսուն և ոչ ուշ, քան քառասուն օրվա ընթացքում։
Իր պաշտոնավարության վերջին վեց ամսվա ընթացքում չի կարող կրճատել գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը.
4) նշանակում և ազատում է վարչապետին: Վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է կառավարության անդամներին:
Ազգային ժողովի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու, վարչապետի հրաժարականի կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում ընդունում է կառավարության հրաժարականը, նշանակում է վարչապետ և կազմավորում կառավարություն.
5) օրենքով նախատեսված դեպքերում նշանակումներ է կատարում պետական պաշտոններում.
6) կազմավորում է Ազգային անվտանգության խորհուրդ և նախագահում այն, կարող է կազմավորել խորհրդակցական այլ մարմիններ.
7) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը, կնքում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացնում միջազգային պայմանագրեր և ստորագրում դրանց վավերագրերը, հաստատում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը.
8) նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններին առընթեր Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներին, ընդունում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը.
9) նշանակում և ազատում է գլխավոր դատախազին, գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում և ազատում է գլխավոր դատախազի տեղակալներին.
10) նշանակում է սահմանադրական դատարանի անդամներ:
Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է դադարեցնել սահմանադրական դատարանի՝ իր նշանակած անդամի լիազորությունները կամ համաձայնություն տալ նրան որպես մեղադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ.
11) Սահմանադրության 95-րդ հոդվածով նախատեսված կարգով նշանակում է վճռաբեկ դատարանի և նրա պալատների, վերաքննիչ, առաջին ատյանի, տնտեսական և այլ դատարանների նախագահներին ու դատավորներին, համաձայնություն է տալիս դատավորին՝ որպես մեղադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ.
12) զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը.
13) որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին, Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք: Պատերազմի ժամանակ Հանրապետության Նախագահը կարող է նշանակել և ազատել զինված ուժերի գլխավոր հրամանատարին։
Զինված ուժերի օգտագործման կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքերում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ, որը քննության է առնում ձեռնարկված միջոցառումների՝ սահմանված իրավական ռեժիմին համապատասխանության հարցով եզրակացություն ստանալու համար սահմանադրական դատարան դիմելու հարցը:
Ռազմական դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով.
14) սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ: Այս դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ, որը քննության է առնում ձեռնարկված միջոցառումների՝ սահմանված իրավական ռեժիմին համապատասխանության հարցով եզրակացություն ստանալու համար սահմանադրական դատարան դիմելու հարցը:
Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով.
15) օրենքով սահմանված կարգով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության և քաղաքական ապաստան տալու հետ կապված հարցերը.
16) պարգևատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհում բարձրագույն զինվորական և պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ.
17) ներում է շնորհում դատապարտյալներին: