Հոդված 85
Հոդված 85.
Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և օրենքով սահմանված գործադիր իշխանության գործառույթներ իրականացնող այլ մարմիններ:
Կառավարությունը՝ որպես գործադիր իշխանության բարձրագույն մարմին, կենսագործում է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությունը։ Կառավարության իրավասությանն են ենթակա պետական կառավարման բոլոր այն հարցերը, որոնք օրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, օրենքների, Ազգային ժողովի և Հանրապետության Նախագահի նորմատիվ ակտերի հիման վրա և դրանց կատարումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունում է որոշումներ, որոնք ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում:
Կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից:
Կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվում են վարչապետը և բոլոր նախարարները:
Վարչապետը և նախարարները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։
Վարչապետը նախարարներից մեկին նշանակում է իրականացնելու վարչապետի լիազորությունները՝ իր բացակայության ժամանակ։
Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով:
Կառավարության կառուցվածքը, ինչպես նաև կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կարգը վարչապետի ներկայացմամբ սահմանվում են Նախագահի հրամանագրով: