Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 23 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

Հոդված 118. Համայնքի ղեկավարի ընտրության արդյունքներն ամփոփելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 118. Համայնքի ղեկավարի ընտրության արդյունքներն ամփոփելը

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է ընտրության արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

1) համայնքի ղեկավար ընտրվելու մասին.

2) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

3) համայնքի ղեկավարի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին.

4) համայնքի ղեկավարի ընտրությունը չկայացած ճանաչելու մասին:

2. Համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած թեկնածուն: Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:

Եթե հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են երկու և ավելի թեկնածուներ, ապա ընտրված թեկնածուին որոշելու համար նրանց միջև անցկացվում է վիճակահանություն:

3. Եթե ընտրության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումները: Եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա ընտրություններն անվավեր են ճանաչվում, և նշանակվում է վերաքվեարկություն:

4. Եթե ընտրությունների վերաքվեարկության կամ առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում ընտրություններն անվավեր ճանաչելու մասին և նշանակում է վերաքվեարկություն:

5. Եթե ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, ապա վերաքվեարկությունն անցկացվում է այդ որոշումն ընդունելուց հետո` 9-րդ օրը: Այս դեպքում համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվարկվում են վերաքվեարկության օրվանից:

6. Համայնքի ղեկավարի ընտրությունը համարվում է չկայացած`

1) եթե քվեարկված միակ թեկնածուին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ.

2) եթե սույն օրենսգրքով թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետում և կարգով թեկնածու չի գրանցվել.

3) մինչև քվեարկության ավարտը թեկնածուներից մեկի մահվան դեպքում․

4) առավելագույն թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած թեկնածուի` մինչև ընտրության արդյունքներն ամփոփելը մահվան դեպքում.

5) ընտրությունից հետո` մինչև լիազորությունների ստանձնումը, ընտրված համայնքի ղեկավարի մահվան կամ լիազորություններն ստանձնելուց հրաժարվելու դեպքերում.

6) եթե վերաքվեարկության արդյունքների հիման վրա ընտրություններն անվավեր են ճանաչվել:

7. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո` հնգօրյա ժամկետում, ներկայացնում է մարզպետին:

8. Համայնքի ղեկավարի ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում քվեարկության օրվանից 21 օր հետո թեկնածուների նույն կազմով անցկացվում է վերաքվեարկություն: Թեկնածուների նույն կազմով վերաքվեարկություն կարող է անցկացվել միայն մեկ անգամ:

9. Համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումը կարող է բողոքարկվել վարչական դատարան:

(118-րդ հոդվածը փոփ. 20.10.16 ՀՕ-158-Ն, փոփ., խմբ. 07.05.21 ՀՕ-202-Ն, փոփ. 05.12.24 ՀՕ-505-Ն)

(20.10.16 ՀՕ-158-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։