Հոդված 129. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելու իրավունքը
Հոդված 129. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելու իրավունքը
(վերնագիրը փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն)
(18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
1. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները:
Թեկնածուն կարող է առաջադրվել միայն մեկ կուսակցության ընտրական ցուցակով:
2. Կուսակցությունների դաշինքները կարող են կազմավորվել առնվազն երկու կուսակցության կողմից: Կուսակցությունը կարող է ընդգրկվել միայն մեկ կուսակցությունների դաշինքի կազմում:
Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձևեր: Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ:
3. Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունը չի կարող ինքնուրույն մասնակցել ընտրություններին:
4. Կուսակցությունների դաշինքում ընդգրկվելու որոշումն ընդունվում է կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի որոշմամբ:
5. Կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը կազմվում է դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացրած առանձին ցուցակից:
Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակները հաստատվում և առաջադրվում են կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի որոշմամբ (դաշինքի անդամ կուսակցությունների մշտական գործող ղեկավար մարմինների որոշումներով): Ընտրական ցուցակների բոլոր էջերը կնքվում և ստորագրվում են կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) իրավասու անձի կողմից:
6. Կուսակցությունների դաշինքից որևէ կուսակցության դուրս գալու դեպքում կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում են այդ կուսակցության ավագանու անդամի թեկնածուները:
(129-րդ հոդվածը փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն, լրաց. 14.07.22 ՀՕ-311-Ն)
(18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(14.07.22 ՀՕ-311-Ն օրենքն ունի անցումային դրույթ)