Հոդված 29. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը
Հոդված 29. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը
1. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն իրականացնում է նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողություն: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը գործում է ընտրական հանձնաժողովներից անկախ և հաշվետու չէ նրանց:
2. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի պաշտոնը ինքնավար պաշտոն է, ծառայության մյուս երկու աշխատակիցները քաղաքացիական ծառայողներ են: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը նշանակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ 7 տարի ժամկետով: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Ծառայության ղեկավարը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:
3. Նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու նպատակով Ազգային ժողովի ընտրությունները նշանակվելուց հետո` տասնօրյա ժամկետում, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում կարող է նշանակել Հայաստանի Հանրապետությունում աուդիտորի որակավորում ստացած ընտրական իրավունք ունեցող մեկ աուդիտորի։ Ազգային ժողովի խմբակցությունների` վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակած աուդիտորները վարձատրվում են երկու ամսվա համար, յուրաքանչյուր ամսվա համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի եռապատիկի չափով։ Նրանց գործունեությունն ավարտվում է ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո` 5-րդ օրը:
4. Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների ժամանակ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում մինչև մեկ ամիս ժամկետով պայմանագրային հիմունքներով կարող են ընդգրկվել մինչև 5 մասնագետ:
5. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը ստանալուց հետո` 7 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան ընտրության արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետից մեկ օր առաջ ստուգում, ստուգման արդյունքներով կազմում է եզրակացություն և ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է այն անհապաղ հրապարակել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: Եզրակացության մեջ խախտումներ արձանագրված լինելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է քննարկել այն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այդ նիստին հրավիրվում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ներկայացուցիչը:
6. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության լիազորություններն են՝
1) ստանալ համապատասխան տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ՝ թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ այն բանկերից, որտեղ նախընտրական հիմնադրամներ ձևավորելու համար բացվել են ժամանակավոր հատուկ հաշիվներ.
2) բանկերից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) և ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող այլ կազմակերպություններից ստանալ համապատասխան տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ՝ նախընտրական քարոզչության շրջանակներում կատարված ծախսերի վերաբերյալ.
3) իր գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ նախապատրաստել որոշումների նախագծեր և դրանք ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը։
7. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության գործունեության կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան:
(29-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.01.20 ՀՕ-70-Ն, փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն, 29.12.20 ՀՕ-2-Ն, լրաց., փոփ., խմբ. 05.12.24 ՀՕ-505-Ն)
(18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)