Հոդված 128. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների արտահերթ ընտրություններ նշանակելը և անցկացնելը և ընտրական ցուցակների գրանցման համար նախատեսվող ժամկետները
Հոդված 128. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների արտահերթ ընտրություններ նշանակելը և անցկացնելը և ընտրական ցուցակների գրանցման համար նախատեսվող ժամկետները
(վերնագիրը խմբ. 18.06.20 ՀՕ-333-Ն, 05.12.24 ՀՕ-505-Ն)
1. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների արտահերթ ընտրություններ նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` համապատասխան ավագանու արձակվելուց հետո` երկշաբաթյա ժամկետում:
2. Երևանի ավագանու արտահերթ ընտրությունը նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այն հաշվարկով, որ ընտրություն նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ:
3. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների (բացառությամբ Երևանի) ավագանիների արտահերթ ընտրություններն անցկացվում են սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից այն օրը, որ պահպանվեն ընտրությունների կազմակերպման և անցկացման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները:
4. Եթե համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների արտահերթ ընտրության քվեարկության օրը համընկնում է Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության օրվա հետ, ապա ավագանու ընտրության օրը հետաձգվում է երկու շաբաթով:
5. Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45, և ոչ ուշ, քան 35 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
6. Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 35, և ոչ ուշ, քան 30 օր առաջ։
7. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների (բացառությամբ Երևանի) ավագանիների արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45, և ոչ ուշ, քան 35 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
8. Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 35, և ոչ ուշ, քան 30 օր առաջ:
(128-րդ հոդվածը խմբ. 18.06.20 ՀՕ-333-Ն, 05.12.24 ՀՕ-505-Ն)
(18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)