Հոդված 17. Տեղամասային կենտրոնը, քվեարկության սենյակը
Հոդված 17. Տեղամասային կենտրոնը, քվեարկության սենյակը
1. Քվեարկությունն անցկացվում է տեղամասային կենտրոնում՝ դրա համար կահավորված դահլիճում, սրահում, սենյակում և այլ տարածքում (այսուհետ` քվեարկության սենյակ):
2. Տեղամասային կենտրոնը պետք է հնարավորին չափ մոտ լինի ընտրական տեղամասում գտնվող բնակելի շենքերին և տներին: Տեղամասային կենտրոնը պետք է ընտրվի այնպես, որ հնարավորինս ապահովվեն հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող և տեսողության խնդիր ունեցող անձանց անխոչընդոտ մուտքն ու ելքը և տեղաշարժը տեղամասային կենտրոնում։ Տեղամասային կենտրոնում քվեարկության սենյակը պետք է ընտրվի այնպես, որ ապահովվեն քվեարկության բնականոն ընթացքը և հանձնաժողովի բնականոն աշխատանքը: Տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը և քվեարկության սենյակը սահմանելու և քվեարկության սենյակի` սույն օրենսգրքի 57-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան կահավորման համար պատասխանատու է համայնքի ղեկավարը: Սույն գործառույթը համայնքի ղեկավարի համար սեփական լիազորություն է:
Ընտրական տեղամասում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող համապատասխան շենքերի, շինությունների կամ այլ` անհատույց օգտագործման հնարավորությամբ տարածքների բացակայության դեպքում տեղամասային կենտրոնի տեղակայման համար համայնքի ղեկավարը մարզպետի համաձայնությամբ վարձակալում է համապատասխան տարածքներ: Սույն գործառույթը համայնքի ղեկավարի համար պատվիրակված լիազորություն է:
3. Տեղամասային կենտրոնը չի կարող գտնվել ռազմական ուսումնական հաստատությունների, զորամասերի և առողջապահության հիմնարկների զբաղեցրած տարածքներում: Միևնույն շինությունում մեկից ավելի տեղամասային կենտրոնների տեղակայման անհրաժեշտության դեպքում նախապատվությունը տրվում է այնպիսի շինությունների, որոնց դեպքում տեղամասային կենտրոններն ապահովված են առանձին մուտքերով։
4. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տեղամասային կենտրոններ կազմավորվում են նաև քրեակատարողական հիմնարկներում:
5. Տեղական ինքնակառավարման մարմինները հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող և տեսողության խնդիր ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովելու համար տեղամասային կենտրոններում ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ:
6. Տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի մատչելիության, լուսավորության և հանձնաժողովի բնականոն աշխատանքի ապահովման լրացուցիչ պահանջները սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
(17-րդ հոդվածը փոփ., լրաց. 07.05.21 ՀՕ-202-Ն, խմբ., փոփ. 05.12.24 ՀՕ-505-Ն)
(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)