Հոդված 68. Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելու կարգը
Հոդված 68. Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելու կարգը
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրը՝ ժամը 20.00-ին, հայտարարում է քվեարկության ավարտի մասին և արգելում ընտրողների մուտքը քվեարկության սենյակ: Հանձնաժողովը քվեարկության սենյակում գտնվող ընտրողներին քվեարկելու հնարավորություն է տալիս, որից հետո հանձնաժողովի նախագահը փակում է քվեատուփի ճեղքը:
2. Տեղամասային ընտրական հանձնաժողովն սկսում է քվեարկության արդյունքների ամփոփման նիստը: Այդ նիստին, բացի ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանցից, իրավունք ունի ներկա գտնվելու նաև թեկնածուն:
Տեղամասային ընտրական հանձնաժողովը՝
1) փաթեթավորում է հանձնաժողովի անդամների անհատական կնիքները, փաթեթը կնքվում և տեղադրվում է պարկում.
2) ընտրողների ցուցակում ընտրողների ստորագրությունների հիման վրա հաշվում է քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը:
Առկայության դեպքում առանձին հաշվում է նաև`
ա. քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված լրացուցիչ ցուցակում առկա ստորագրությունների թիվը,
բ. շրջիկ արկղով քվեարկությանը մասնակցած ընտրողների լրացուցիչ ցուցակներում առկա ստորագրությունների թիվը:
Այդ թվերը հրապարակվում և արձանագրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
Հանձնաժողովի նախագահը գրանցամատյանում արձանագրված` ընտրական տեղամասում քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը կապի հնարավոր միջոցներով անհապաղ հայտնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով.
3) եթե տեխնիկական սարքավորումն անխափան աշխատել է քվեարկության ընթացքում, ապա տեխնիկական սարքավորման միջոցով տպում է տեղեկանք, որում նշվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի և ընտրական տեղամասի համարները, տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների հերթական համարը համապատասխան ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում: Տեղեկանքը պետք է պարունակի նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց գրանցումն իրականացվել է անձը հաստատող փաստաթղթի տվյալները ստեղնաշարով տեխնիկական սարքավորման մեջ ներմուծելու միջոցով:
Տեղեկանքը տպելու անհնարինության դեպքում այդ մասին համապատասխան գրառում է կատարվում գրանցամատյանում:
Տեղեկանքի մեկ օրինակը, ստորագրված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից և կնքված հանձնաժողովի կնիքով, տեղադրվում է պարկում:
Տեղեկանքի մեկական օրինակ, ստորագրված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից և կնքված հանձնաժողովի կնիքով, ըստ պահանջի տրամադրվում է ամփոփման նիստին ներկա գտնվող թեկնածուներին, դիտորդներին և ընտրություններին մասնակցող կուսակցության մեկական վստահված անձի:
Ընտրողների ցուցակները (բացառությամբ զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող ընտրողների ստորագրված ցուցակների) փաթեթավորվում են, փաթեթը կնքվում է և ստորագրվում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից և ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացվում սույն օրենսգրքի 71-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով: Զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող ընտրողների ստորագրված ցուցակները փաթեթավորվում են առանձին, փաթեթը կնքվում է և տեղադրվում պարկում.
4) առանձին-առանձին հաշվում է ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորման միջոցով տպված և համարակալված քվեարկության կտրոնները, փաթեթավորում, փաթեթները կնքում և տեղադրում է պարկում.
5) հաշվում է չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերը, փաթեթավորում, փաթեթը կնքում և տեղադրում է պարկում.
6) հաշվում է չօգտագործված համարակալված քվեարկության կտրոնները, փաթեթավորում, փաթեթը կնքում և տեղադրում է պարկում: Համարակալված քվեարկության կտրոնները չօգտագործվելու դեպքում դրանք չեն հաշվվում, և նշվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հատկացրած կտրոնների թիվը.
7) առանց հաշվելու փաթեթավորում է չօգտագործված քվեաթերթիկները և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ներկայացնում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
Այդ գործողությունների արդյունքները հրապարակվում են և արձանագրվում տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
3. Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, քվեատուփից հանում քվեարկության մեկ ծրար, ցուցադրում այնպես, որ այն տեսանելի լինի ներկաների համար, և քվեարկության ծրարը մարելու հիմքերի բացակայության դեպքում քվեարկության ծրարից հանում է քվեաթերթիկը, այն ցուցադրում այնպես, որ տեսանելի լինի ներկաների համար: Այդ ընթացքում հանձնաժողովի նախագահին արգելվում է ձեռքում ունենալ այլ իր։
Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ հանձնաժողովի նախագահը հայտարարում է քվեաթերթիկի սահմանված կամ չսահմանված նմուշի լինելու մասին, սահմանված նմուշի քվեաթերթիկի դեպքում՝ վավեր կամ անվավեր լինելու մասին, վավեր քվեաթերթիկի դեպքում հայտարարում է ընտրություններին մասնակցող կուսակցության անվանումը, որի օգտին է քվեաթերթիկը: Պահանջի դեպքում քվեարկության ծրարը կամ քվեաթերթիկը փոխանցվում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի հայտարարությանը համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկության դեպքում քվեարկության է դրվում հանձնաժողովի անդամի առաջարկությունը, և առարկության ընդունման մասին որոշմանը համապատասխան, իսկ առարկությունը չընդունվելու կամ առարկություն չլինելու դեպքում՝ հանձնաժողովի նախագահի հայտարարության համաձայն, քվեաթերթիկը դրվում է համապատասխան կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկների փաթեթի մեջ կամ անվավեր քվեաթերթիկների փաթեթի մեջ (մարման հիմքերի առկայության դեպքում քվեաթերթիկը դրվում է մարված ծրարով): Այս գործողությունը կրկնվում է քվեատուփում առկա բոլոր ծրարների համար:
Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության օգտին քվեարկված քվեաթերթիկները և անվավեր քվեաթերթիկները տեսակավորվում են առանձին-առանձին:
Քվեաթերթիկներն ըստ ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության օգտին քվեարկված քվեաթերթիկների տեսակավորելուց և հաշվարկելուց հետո ստացված թվերը բարձրաձայն հայտարարվում և գրանցվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
Ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների քվեաթերթիկները տեսակավորելուց հետո ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության կողմ քվեարկած քվեաթերթիկները փաթեթավորվում են միասին:
4. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ հանձնաժողովի նախագահը հայտարարում է քվեաթերթիկի սահմանված կամ չսահմանված նմուշի լինելու մասին, սահմանված քվեաթերթիկի դեպքում՝ վավեր կամ անվավեր լինելու մասին։ Վավեր քվեաթերթիկի դեպքում հայտարարում է նաև, թե որ թեկնածուի օգտին է քվեարկված: Այդ ընթացքում հանձնաժողովի նախագահին արգելվում է ձեռքում ունենալ այլ իր։
Պահանջի դեպքում քվեարկության ծրարը կամ քվեաթերթիկը փոխանցվում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի հայտարարությանը համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկության դեպքում քվեարկության է դրվում հանձնաժողովի անդամի առաջարկությունը, և առարկության ընդունման մասին որոշմանը համապատասխան, իսկ առարկությունը չընդունվելու կամ առարկություն չլինելու դեպքում՝ հանձնաժողովի նախագահի հայտարարության համաձայն, քվեաթերթիկը դրվում է համապատասխան թեկնածուի օգտին քվեարկած քվեաթերթիկների փաթեթի մեջ կամ անվավեր քվեաթերթիկների փաթեթի մեջ (մարման հիմքերի առկայության դեպքում քվեաթերթիկը դրվում է մարված ծրարով), մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկված կամ անվավեր քվեաթերթիկների փաթեթի մեջ (մարման հիմքերի առկայության դեպքում քվեաթերթիկը դրվում է մարված ծրարով), որից հետո քվեատուփից հանում է հաջորդ ծրարը: Այդ գործողությունը կրկնվում է քվեատուփում առկա բոլոր ծրարների համար:
Ընտրություններին մասնակցող թեկնածուների օգտին քվեարկված քվեաթերթիկները, մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում դեմ քվեարկված քվեաթերթիկները և անվավեր քվեաթերթիկները տեսակավորվում են առանձին-առանձին:
Քվեարկված քվեաթերթիկները տեսակավորելուց և հաշվարկելուց հետո ստացված թվերը բարձրաձայն հայտարարվում և գրանցվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
5. Քվեաթերթիկների տեսակավորումն իրականացնելու ժամանակ հանձնաժողովի անդամներին արգելվում է նշումներ կատարել, ինչպես նաև իրենց մոտ ունենալ գրիչներ, մատիտներ կամ նշումներ կատարելու այլ առարկաներ:
6. Ավելորդ գրառում կամ նշում կամ սահմանված նմուշի քվեաթերթիկից բացի այլ իր (այդ թվում՝ չսահմանված նմուշի քվեաթերթիկ) պարունակող քվեարկության ծրարի դեպքում քվեարկության ծրարը դրանում գտնվող քվեաթերթիկի հետ անհապաղ մարվում է այնպես, որ վերահաշվարկի ժամանակ հնարավոր լինի հաստատել մարման հիմքի առկայությունը։
7. Արդյունքներն ամփոփելիս սահմանված նմուշի մարված քվեաթերթիկները հաշվարկվում են որպես անվավեր։
8. Հաշվարկված և տեսակավորված քվեաթերթիկները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով փաթեթավորվում են, իսկ փաթեթները կնքվում և տեղադրվում են պարկում:
Փաթեթների վրա պետք է առկա լինի հանձնաժողովի նախագահի ստորագրությունը: Հանձնաժողովի մյուս անդամները և վստահված անձինք ևս իրավունք ունեն ստորագրելու փաթեթների վրա: Գրանցամատյանում գրառվում են ստորագրողների անուն-ազգանունները, դրվում ստորագրության նմուշները:
9. Միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների դեպքում առաջին հերթին ամփոփվում են համայնքի ավագանու ընտրության քվեարկության արդյունքները:
(68-րդ հոդվածը լրաց., փոփ. 30.06.16 ՀՕ-119-Ն, խմբ. 20.10.16 ՀՕ-158-Ն, փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն, 01.04.21 ՀՕ-171-Ն, լրաց., փոփ. 07.05.21 ՀՕ-202-Ն, լրաց., փոփ., խմբ. 05.12.24 ՀՕ-505-Ն, 07.04.26 ՀՕ-95-Ն)
(20.10.16 ՀՕ-158-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)