Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 6 · ԴԻՏՈՐԴՆԵՐԸ, ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ, ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ, ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Հոդված 30. Դիտորդական առաքելության իրավունքը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30. Դիտորդական առաքելության իրավունքը

1. Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն`

1) միջազգային կազմակերպությունները և օտարերկրյա այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր.

2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված այն հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները, որոնց կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, որոնց անվանումները չեն ասոցացվում թեկնածուների կամ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումների հետ, որոնք օրենքով սահմանված կարգով հրապարակել են իրենց գործունեության վերջին տարեկան հաշվետվությունը, որոնց կառավարման մարմնի կազմում, բացառությամբ ժողովի, որևէ անդամ չի մասնակցում տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) կամ չեն կազմակերպում կամ չեն իրականացնում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ քարոզչություն, և որոնք հավատարմագրման դիմումի մեջ բացահայտում են դիտորդական առաքելության ֆինանսավորման աղբյուրները։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա հասարակական կազմակերպությունները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել հրավերի առկայության դեպքում: Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելությունների կազմում որպես դիտորդ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ընդգրկվել չեն կարող:

Սույն մասում նշված կազմակերպություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ուղարկելու իրավունք ունեն`

1) Հանրապետության նախագահը.

2) Ազգային ժողովի նախագահը.

3) վարչապետը.

4) Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում նշված կազմակերպությունների դիտորդական առաքելությունների` ընտրությունների վերաբերյալ ներկայացված զեկույցները տեղադրվում են հանձնաժողովի համացանցային կայքում:

4. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների ներկայացուցիչները հրավերի առկայության դեպքում կարող են ընտրությունների ժամանակ այցելուի կարգավիճակով իրականացնել ընտրական գործընթացի դիտարկում: Հրավերն ուղարկում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

5. Այլ պետությունների ընտրական մարմինների ներկայացուցիչները հրավերի առկայության դեպքում կարող են ընտրությունների ժամանակ այցելուի կարգավիճակով իրականացնել ընտրական գործընթացի դիտարկում: Հրավերն ուղարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

6. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված այցելուի կարգավիճակ ունեցող անձանց կարող է ուղեկցել թարգմանիչ։

(30-րդ հոդվածը խմբ. 07.05.21 ՀՕ-202-Ն, լրաց. 05.12.24 ՀՕ-505-Ն, խմբ. 23.01.26 ՀՕ-2-Ն)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։