Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ:Գլուխ 11 · ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 67. Քվեարկությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 67. Քվեարկությունը

1. Քվեարկության կտրոնն ստանալուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է հանձնաժողովի՝ քվեաթերթիկների և քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու անդամին և ներկայացնում քվեարկության կտրոնը:

2. Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ քվեաթերթիկների և քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու հանձնաժողովի անդամն ընտրողին տրամադրում է ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկական քվեաթերթիկ և քվեարկության մեկ ծրար: Ընտրողը չի կարող հրաժարվել բոլոր քվեաթերթիկներն ստանալուց:

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ քվեաթերթիկների և քվեարկության ծրարների տրամադրման համար պատասխանատու հանձնաժողովի անդամն ընտրողին է տրամադրում մեկ քվեաթերթիկ և քվեարկության մեկ ծրար (միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում` քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ)։

Ընտրողն անցնում է քվեարկության խցիկ՝ քվեարկելու:

3. Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ ընտրողն ընտրություններին մասնակցող կուսակցություններից որևէ մեկին ընտրում է այդ կուսակցության քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դնելու միջոցով: Քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դրվում է առանց ծալելու: Չօգտագործված քվեաթերթիկները գցվում են քվեարկության խցիկում տեղադրված առանձին տուփի մեջ:

4. Եթե համամասնական ընտրակարգով անցկացվող՝ համայնքի ավագանու ընտրություններին մասնակցում է միայն մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա կիրառվում է դեմ քվեարկությամբ առանձին քվեաթերթիկ։

5. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրության ժամանակ ընտրողը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևով միատեսակ նշում է կատարում այն թեկնածուի անվան դիմացի քառանկյունում, որին կողմ է քվեարկում: Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում ընտրողը, եթե կողմ է քվեարկելու, նշում է կատարում «կողմ եմ» բառերի, եթե դեմ` «դեմ եմ» բառերի դիմաց: Միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում ընտրողը յուրաքանչյուր քվեաթերթիկ տեղավորում է համապատասխան ծրարում:

6. Արգելվում է որևէ ձևով տեղեկանալ, թե ընտրողն ինչպես է քվեարկում:

7. Քվեարկելուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է քվեատուփի մոտ ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու անդամին և նրան է հանձնում քվեարկության կտրոնը: Հանձնաժողովի անդամն ստուգում է կտրոնը, իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի այլ անդամի կամ վստահված անձի պահանջով կարող է ստուգել նաև ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը: Հանձնաժողովի անդամն առանց քվեարկության ծրարն ընտրողից վերցնելու քվեարկության ծրարի կտրվածքի միջով քվեաթերթիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը, որից հետո բացում է քվեատուփի ճեղքը և ընտրողին հնարավորություն է ընձեռում քվեարկության ծրարը գցելու քվեատուփի մեջ:

Եթե ընտրողը չի ներկայացնում քվեարկության կտրոն, ապա ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու անդամը տեղեկացնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, որն ընտրողից վերցնում է քվեարկության ծրարը, անհապաղ մարում է՝ առանց ծրարի պարունակությունն ստուգելու:

8. Եթե քվեարկության ընթացքում ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու անդամին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերը սպառվել են, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը նրան նոր ինքնասոսնձվող դրոշմանիշերի հերթական խմբաքանակն է հանձնում նրանից քվեարկության կտրոնները ստանալուց հետո: Քվեարկության կտրոնները հաշվվում են, և թիվը արձանագրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

Ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու անդամը իր հերթափոխի ավարտին, ինչպես նաև քվեարկության ավարտին հանձնաժողովի նախագահին է հանձնում չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերը և ընտրողներից ստացած քվեարկության կտրոնները: Քվեարկության կտրոնները և չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերը հաշվվում են, և թվերը արձանագրվում տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

9. Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ, այցելու: Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է։ Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

10. Եթե ընտրողը կարծում է, որ քվեաթերթիկը սխալ է լրացրել կամ վնասել է, ապա կարող է դիմել հանձնաժողովի նախագահին` նոր քվեաթերթիկ ստանալու համար: Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ ընտրողին հատկացվում է նոր քվեաթերթիկ (Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ` ընտրությունների մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկական քվեաթերթիկ): Սխալ լրացված (վնասված) քվեաթերթիկը (քվեաթերթիկները) անհապաղ մարվում են:

11. Ընտրողն իրավունք չունի տեղամասային կենտրոնում հայտարարելու, թե ինչպես է քվեարկել:

12. Քվեարկելուց հետո ընտրողն անհապաղ պետք է դուրս գա քվեարկության սենյակից:

13. Քվեարկության ընթացքում թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուին արգելվում է գտնվել տեղամասային կենտրոնում կամ տեղամասային կենտրոնին հարող` մինչև 50 մետր շառավղով տարածքում, բացառությամբ քվեարկությանը մասնակցելու դեպքի:

14. Եթե հանձնաժողովի անդամը, վստահված անձը կամ դիտորդը համարում են, որ քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը նախապատրաստման, քվեարկության և արդյունքների ամփոփման ընթացքում կատարվել է սույն օրենսգրքով նախատեսված կարգի խախտում, ապա իրավունք ունեն պահանջելու, որ իրենց գնահատականն արձանագրվի տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում։

(67-րդ հոդվածը փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն, 01.04.21 ՀՕ-171-Ն, լրաց., խմբ. 07.05.21 ՀՕ-202-Ն, լրաց. 05.12.24 ՀՕ-505-Ն)

(18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։