Հոդված 36. Ընտրական հանձնաժողովների համակարգը, կարգավիճակը և գործունեության կարգը
Հոդված 36. Ընտրական հանձնաժողովների համակարգը, կարգավիճակը և գործունեության կարգը
1. Ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով կազմավորվում է ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգ` Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ և տեղամասային ընտրական հանձնաժողովներ:
2. Յուրաքանչյուր մարզի և Երևան քաղաքի համար կազմավորվում է մեկ կամ մի քանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 41-ը: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կազմավորվում, համարակալվում, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների սահմանները և նստավայրերը սահմանվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ։
3. Եթե համայնքը ներառված է մեկից ավելի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքներում, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 65 օր առաջ որոշում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, որին լիազորություն է վերապահվում տվյալ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպումը և անցկացումը:
4. Ընտրական հանձնաժողովներն իրենց լիազորություններն իրականացնելիս անկախ են: Նրանց գործունեությանը որևէ միջամտություն արգելվում է:
5. Ընտրական հանձնաժողովներն իրենց լիազորություններն իրականացնում են օրինականության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:
6. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին անհատույց ապահովում են անհրաժեշտ աշխատանքային տարածքներով և գույքով, աջակցում հանձնաժողովներին՝ նրանց բնականոն աշխատանքային գործունեությունն ապահովելու համար:
(36-րդ հոդվածը փոփ. 01.04.21 ՀՕ-171-Ն, փոփ., խմբ. 07.05.21 ՀՕ-202-Ն)
(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)