Հոդված 45. Ընտրական հանձնաժողովի նախագահին, նախագահի տեղակալին, հանձնաժողովի քարտուղարին պաշտոնանկ անելու և հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելու կարգը
Հոդված 45. Ընտրական հանձնաժողովի նախագահին, նախագահի տեղակալին, հանձնաժողովի քարտուղարին պաշտոնանկ անելու և հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելու կարգը
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի կամ հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները համարվում են դադարած, եթե նա ներկայացրել է այդ պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ինքնաբացարկի դեպքում դադարեցվում է նրա անդամությունը հանձնաժողովին, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի, կամ հանձնաժողովի քարտուղարի պաշտոններից ինքնաբացարկի դեպքում նախագահի տեղակալի կամ քարտուղարի անդամությունը հանձնաժողովին չի դադարեցվում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ինքնաբացարկի մասին դիմումը ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ հանձնաժողովի քարտուղարի պաշտոններից ինքնաբացարկի մասին դիմումը ներկայացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարման փաստն արձանագրում է Ազգային ժողովի նախագահը դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում. այդ մասին հայտարարվում է Ազգային ժողովի առաջիկա նիստում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարեցված՝ Ազգային ժողովի նախագահի կողմից փաստն արձանագրվելու պահից:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ հանձնաժողովի քարտուղարի պաշտոններից դուրս գալու փաստն արձանագրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից` դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը և հանձնաժողովի քարտուղարը կարող են պաշտոնանկ արվել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:
Սույն մասում նշված դեպքերում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ հանձնաժողովի քարտուղարի անդամությունը հանձնաժողովին չի դադարեցվում:
4. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի կամ հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները համարվում են դադարած, եթե նա ներկայացրել է այդ պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմում:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և հանձնաժողովի քարտուղարը կարող են պաշտոնանկ արվել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:
Սույն մասում նշված դեպքերում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի կամ հանձնաժողովի քարտուղարի անդամությունը հանձնաժողովին չի դադարեցվում:
5. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ կարող են պաշտոնանկ արվել միայն, եթե քվեարկության նախորդ օրը կամ քվեարկության օրը ցուցաբերում են ակնհայտ անգործություն, որի հետևանքով կարող է վտանգվել քվեարկության նախապատրաստումը կամ քվեարկության բնականոն ընթացքը կամ քվեարկության արդյունքների ամփոփումը: Այդ դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար նշանակում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմից:
6. Ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են`
1) եթե նա չունի ընտրական հանձնաժողովում նշանակվելու իրավունք.
2) եթե կենտրոնական կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամը ներկայացրել է հանձնաժողովի անդամի պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմում.
3) եթե տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, քարտուղարը կամ հանձնաժողովի անդամը ներկայացրել է այդ պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմում: Նման դիմում կարող է ներկայացվել մինչև քվեարկության օրվան նախորդող հինգերորդ օրվա ժամը 18.00-ն` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին.
4) եթե զորակոչվել է.
5) եթե դատապարտվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 210-224.1-ին հոդվածներով նախատեսված հանցանքների համար՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից, կամ դատապարտվել է դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար, և դատվածությունը մարված կամ հանված չէ, կամ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, կամ որպես պատիժ կիրառվել է կարճաժամկետ ազատազրկում կամ ազատազրկում։
Սույն մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերում լիազորությունների վաղաժամկետ դադարման փաստը ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների դեպքում արձանագրում է վերադաս ընտրական հանձնաժողովի նախագահը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման փաստն արձանագրում է Ազգային ժողովի նախագահը` դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում. այդ մասին հայտարարվում է Ազգային ժողովի առաջիկա նիստում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարեցված՝ Ազգային ժողովի նախագահի կողմից փաստն արձանագրվելու պահից:
7. Եթե ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամը կոպտորեն խախտել է սույն օրենսգրքի դրույթները կամ 2 օրացուցային ամսվա ընթացքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հերթական նիստերից երեք կամ ավելի անգամ անհարգելի բացակայել է, ապա նրա լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ: Կրկնակի ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշում ընդունված լինելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:
8. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կարող է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ վաղաժամկետ դադարեցնել տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները, եթե հանձնաժողովի անդամը կոպտորեն խախտել է սույն օրենսգրքի դրույթները (բացառությամբ տեղամասային ընտրական հանձնաժողովի հերթական նիստերից անհարգելի բացակայության դեպքի): Նման պահանջով ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են դիմել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, տեղամասային ընտրական հանձնաժողովում նրան նշանակած կուսակցությունը կամ նրան առաջարկած ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամը:
(45-րդ հոդվածը փոփ., խմբ. 07.05.21 ՀՕ-202-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-213-Ն, փոփ., լրաց. 05.12.24 ՀՕ-505-Ն)
(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)