Հոդված 40. Ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը, ընտրական հանձնաժողովների անդամների վարձատրությունը
Հոդված 40. Ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը, ընտրական հանձնաժողովների անդամների վարձատրությունը
1. Ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը և ընտրական հանձնաժողովների անդամների վարձատրությունը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին` «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն հոդվածով սահմանված կարգով:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, հանձնաժողովի քարտուղարին կամ անդամին վարձատրություն չի տրվում, եթե նա չի ստորագրել ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրությունը, կամ եթե նրա լիազորությունները վաղաժամկետ դադարել են:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա միջոցների մինչև 30 տոկոսը` յուրաքանչյուր տարվա համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ հաստատված նախահաշվին համապատասխան, կարող է օգտագործվել ընտրական վարչարարության փորձի ուսումնասիրման, ընտրական վարչարարության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման, ընտրական հանձնաժողովների տեխնիկական վերազինման և ընտրական օրենսդրությանը վերաբերող նյութերի պատրաստման և հրատարակման համար:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում մնացած մյուս միջոցները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ կարող են օգտագործվել ընտրական հանձնաժողովների տեխնիկական վերազինման և ընտրական օրենսդրությանը վերաբերող նյութերի պատրաստման և հրատարակման համար:
5. Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պատճառով ընտրական գործընթացը դադարեցվելու դեպքում ընտրական հանձնաժողովների անդամների՝ ընտրությունների կազմակերպման և անցկացման համար վարձատրությունն իրականացվում է ըստ փաստացի աշխատած օրերի քանակի։ Ընտրական հանձնաժողովների անդամներին ընտրությունների կազմակերպման և անցկացման համար մինչև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելը վճարված վարձատրության գումարը ենթակա չէ վերադարձման:
(40-րդ հոդվածը փոփ. 14.11.19 ՀՕ-251-Ն, լրաց. 21.01.20 ՀՕ-70-Ն, 05.12.24 ՀՕ-505-Ն)
(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)