Հոդված 44. Տեղամասային ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը
Հոդված 44. Տեղամասային ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովն ունի առնվազն 7 անդամ:
2. Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամ նշանակում են`
1) Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները)` մեկական անդամ, եթե խմբակցությունների թիվը մեծ է 4-ից, և երկուական անդամ, եթե խմբակցությունների թիվը փոքր է 5-ից.
2) համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը` 2 անդամ:
Յուրաքանչյուր տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ (բացառությամբ հանձնաժողովի նախագահի) կարող է ներկայացնել մեկ թեկնածու: Եթե առաջադրված թեկնածուների թիվը 2-ից ավելի է, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովի 2 անդամին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընտրում է վիճակահանության միջոցով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
2.1. Հանրաքվեների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են՝ հաշվի առնելով համապատասխանաբար «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները:
3. Եթե տեղամասային ընտրական հանձնաժողովի ձևավորման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով կամ ժամկետում որևէ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) հանձնաժողովի անդամ չի նշանակում, կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների առաջարկած թեկնածուների թիվը պակաս է 2-ից, ապա հանձնաժողովի թափուր տեղերը նրանց փոխարեն լրացնում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի կազմավորման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում: Տեղամասային ընտրական հանձնաժողովի թափուր տեղերը սույն մասով սահմանված կարգով լրացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների` ըստ տեղամասերի բաշխման մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը չի փոփոխվում անգամ այն դեպքում, երբ թափուր տեղի լրացման արդյունքում որոշմամբ սահմանված համամասնությունը խախտվել է:
4. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ և քարտուղար նշանակվում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ` սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված բաշխմանը համապատասխան, հանձնաժողովում կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) նշանակած անդամներից, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի: Եթե կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում նշանակել է 2 անդամ, ապա նշանակելիս նշում է, թե նրանցից ով է զբաղեցնելու հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի պաշտոնը:
5. Տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվում են Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև: Յուրաքանչյուր կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) հասանելիք տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների թիվը որոշվում է հետևյալ բանաձևով`
ՆՔԹ = ԿՄԹ x ՏԹ, վերցրած ամբողջ թվերը,
ՊԹ
որտեղ`
ՆՔԹ-ն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) հասանելիք համապատասխանաբար հանձնաժողովի նախագահների և քարտուղարների թիվն է,
ԿՄԹ-ն Ազգային ժողովի կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ստացած մանդատների թիվն է,
ՏԹ-ն կազմավորված ընտրական տեղամասերի թիվն է,
ՊԹ-ն Ազգային ժողովի պատգամավորների մանդատների թիվն է: Տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի մնացած պաշտոնները բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության: Ազգային ժողովի խմբակցությունների քանակը 4-ից մեծ լինելու դեպքում, եթե ՆՔԹ-ն որևէ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համար ստացվում է մեծ ՏԹ-ի կեսից, ապա ՏԹ-ի կեսը գերազանցող մասը բաշխվում է մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) միջև սույն հոդվածով սահմանված համամասնության սկզբունքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
Մնացորդների հավասարության դեպքում մնացած պաշտոնների բաշխումը կատարվում է վիճակահանությամբ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, եթե կազմավորված ընտրական տեղամասերի թիվը փոքր է 3-ից, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը կատարվում է վիճակահանությամբ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով` հաշվի առնելով, որ նույն հանձնաժողովում այդ երկու պաշտոնները միաժամանակ չեն կարող զբաղեցնել կառավարության կազմավորմանը մասնակից կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ներկայացուցիչները:
Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների բաշխումը` ըստ ընտրական տեղամասերի, կատարվում է մինչև տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը ներկայացնելու համար ժամկետի սկիզբը` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
6. Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում` քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 20, և ոչ ուշ, քան 18 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն: Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտն ստորագրում է կուսակցության ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ՝ կուսակցության ղեկավարի տեղակալը (քարտուղարը), կուսակցությունների դաշինքի դեպքում` խմբակցության ղեկավարը, նրա բացակայության դեպքում՝ խմբակցության քարտուղարը:
Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու կարգը, հայտի ձևը, անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
7. Տեղամասային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը տեղամասային կենտրոնում հրավիրվում է հանձնաժողովի կազմավորման օրվանից հետո` 3-րդ օրը՝ ժամը 12.00-ին:
8. Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում թափուր տեղը համալրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմավորման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով` յոթնօրյա ժամկետում, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ:
9. Եթե սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետում և կարգով տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ չի նշանակվել, ապա հանձնաժողովի անդամների թափուր տեղերը լրացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանցից: Այս դեպքում, եթե սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետում և կարգով տեղամասային ընտրական հանձնաժողովի նշանակվող անդամը պետք է զբաղեցներ հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի պաշտոնը, ապա ընտրական հանձնաժողովի նախագահի նշանակած անդամն է նշանակվում այդ պաշտոնում:
10. Եթե քվեարկության օրը` ժամը 8.00-ին, մինչև 1 000 ընտրող ունեցող ընտրական տեղամասի դեպքում 5-ից պակաս թվով տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ է ներկայացել, ապա չներկայացած անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարում են, և անդամների թիվը համապատասխանաբար մինչև 5 անդամ լրացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանց թվից: Եթե քվեարկության օրը` ժամը 8.00-ին, 1 000-ից ավելի ընտրող ունեցող ընտրական տեղամասի դեպքում 7-ից պակաս թվով տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ է ներկայացել, ապա չներկայացած անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարում են, և անդամների թիվը համապատասխանաբար մինչև 7 անդամ լրացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանց թվից: Եթե քվեարկության օրը` ժամը 9.00-ի դրությամբ, տեղամասային ընտրական հանձնաժողովում ներկա անդամների թիվը նվազ է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի 2/3-ից, ապա հանձնաժողովի կազմը համալրվում է սույն մասով սահմանված կարգով, այնպես, որ ապահովվի հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի 2/3-ը:
11. Տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները դադարում են ընտրության ավարտից հետո՝ համապատասխան ընտրական հանձնաժողովի կողմից ընտրության արդյունքները ամփոփվելուց 7 օր հետո, բացառությամբ Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլ անցկացվելու դեպքի:
12. Ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները դադարում են դատական ակտի հրապարակման օրվա հաջորդ օրը:
13. Առանձին ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունվելու կամ այդ ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակվելու դեպքում այդ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարած, և նրանք չեն կարող ընդգրկվել վերաքվեարկություն անցկացնող տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում:
Ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակվելու կամ ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի պաշտոնների՝ նախկինում կատարված բաշխումը պահպանվում է, և տեղամասային ընտրական հանձնաժողովների նոր նշանակումներ կատարելու համար հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են վերաքվեարկություն նշանակելու մասին որոշումն ընդունելուց հետո՝ 3 օրվա ընթացքում՝ մինչև ժամը 18.00-ն: Այդ դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը տեղի են ունենում կազմավորման ժամկետի ավարտի հաջորդ օրը` ժամը 12.00-ին:
(44-րդ հոդվածը լրաց. 13.06.18 ՀՕ-348-Ն, փոփ. 07.05.21 ՀՕ-202-Ն, լրաց. 05.12.24 ՀՕ-505-Ն)
(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)