Հոդված 237
Հոդված 237.
Երեկոյան անվանականչից առաջ, օրվա կանոնակարգով սահմանված ժամին վաշտի ավագի կամ դասակների հրամանատարների տեղակալներից մեկի ղեկավարությամբ անցկացվում է երեկոյան զբոսանք: Երեկոյան զբոսանքի ժամանակ անձնակազմը ստորաբաժանման կազմում կատարում է շարային երգեր: Զբոսանքից հետո վաշտի հերթապահի «Վա~շտ , երեկոյան անվանականչին շարվի´ր» հրամանով դասակների հրամանատարների տեղակալները (ջոկերի հրամանատարները) շարում են իրենց ստորաբաժանումները անվանականչի: Վաշտի հերթապահը, վաշտը շարելով, ավագին կամ նրան փոխարինող անձին զեկուցում է երեկոյան անվանականչին վաշտի պատրաստ լինելու մասին:
Վաշտի ավագը կամ նրան փոխարինողը սկսում է անվանականչը: Անվանականչի սկզբում նա կարդում է այն զինծառայողների ազգանունները, որոնք իրենց գործած սխրանքների համար գրանցվել են վաշտի ցուցակներում հավերժ կամ որպես պատվավոր զինվորներ: Նշված զինծառայողների ազգանուններն արտասանելիս` առաջին դասակի հրամանատարի տեղակալը զեկուցում է. «Այսինչը (զինվորական կոչումը և ազգանունը) քաջի մահով ընկել է Հայրենիքի ազատության ու անկախության համար մղված մարտում» կամ «Վաշտի պատվավոր զինվոր (զինվորական կոչումը և ազգանունը) պահեստային է»:
Այսուհետև վաշտի ավագը անվանական ցուցակով ստուգում է անձնակազմը: Լսելով իր ազգանունը` յուրաքանչյուրը պատասխանում է` «Ես եմ»: Բացակաների փոխարեն պատասխանում են ջոկերի հրամանատարները, օրինակ` «Պահակախմբում է», «Արձակուրդում է»:
Անվանականչի ավարտից հետո վաշտի ավագը հրապարակում է այն հրամաններն ու կարգադրությունները, որոնք պետք է հայտնի լինեն բոլոր զինծառայողներին, հաջորդ օրվա վերակարգը, ինչպես նաև ճշտում է տագնապի կամ հրդեհի դեպքում գործելու համար կազմված մարտական հաշվարկը: Սահմանված ժամին տրվում է «Քնել» ազդանշանը, միացվում է հերթապահ լուսավորությունը և հաստատվում է լիակատար անդորր:
(237-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն)