Հոդված 219. «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի էությունը և կիրառումը
Հոդված 219. «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի էությունը և կիրառումը
1. «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգն օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային ընթացակարգ է, որին համապատասխան այդ ապրանքները ժամանակավոր գտնվում և օգտագործվում են Միության մաքսային տարածքում, պահպանելով ապրանքներն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելու և այդ մաքսային ընթացակարգին համապատասխան դրանք օգտագործելու պայմանները՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի մասնակի վճարմամբ և առանց հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման կամ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման և առանց հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման:
2. «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները (այսուհետ սույն գլխում՝ ժամանակավոր ներմուծված ապրանքներ) պահպանում են օտարերկրյա ապրանքների կարգավիճակը:
3. Ապրանքների այն կատեգորիաները, որոնց ժամանակավոր գտնվելը և օգտագործումը Միության մաքսային տարածքում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման, այդ ժամանակավոր գտնվելու և օգտագործվելու պայմանները, ինչպես նաև այդ ժամանակավոր գտնվելու և օգտագործվելու վերջնաժամկետները սահմանվում են Հանձնաժողովի կողմից և (կամ) երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով:
4. «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգը չի կիրառվում ապրանքների հետևյալ կատեգորիաների նկատմամբ՝
1) սննդամթերք, խմիչքներ՝ ներառյալ ալկոհոլային խմիչքները, ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ, հումք և կիսաֆաբրիկատներ, ծախսվելիք նյութեր և նմուշներ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ներմուծվում են Միության մաքսային տարածք մեկ օրինակից՝ գովազդային և (կամ) ցուցադրության նպատակներով կամ որպես ցուցանմուշներ կամ արդյունաբերական նմուշներ.
2) թափոններ՝ ներառյալ արտադրական թափոնները.
3) Միության մաքսային տարածք ներմուծման համար արգելված ապրանքներ:
5. Թույլատրվում է «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի կիրառումը «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության կասեցման համար՝ «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ավելի վաղ ձևակերպված ապրանքների վերամշակման արդյունքներն այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելու միջոցով: