Հոդված 108. Մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը
Հոդված 108. Մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը
1. Մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթեր են համարվում.
1) ապրանքների մասով գործարքի իրականացումը հաստատող փաստաթղթերը, իսկ այդպիսի գործարքի բացակայության դեպքում՝ այլ փաստաթղթեր, որոնք հաստատում են ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը, ինչպես նաև հայտարարատուի մոտ գտնվող այլ առևտրային փաստաթղթեր.
2) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը.
3) մաքսային հայտարարագիր ներկայացնող անձի լիազորությունները հաստատող փաստաթղթերը.
4) արգելքների և սահմանափակումների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների պահպանումը հաստատող փաստաթղթերը.
5) ապրանքների ծագման մասին փաստաթղթերը.
6) փաստաթղթերը, որոնք հաստատում են ապրանքների՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան դրանց դասակարգման ժամանակ օգտագործվող բնութագրերը, ապրանքների դասակարգման մասին նախնական որոշումը՝ դրա առկայության դեպքում, իսկ այն ապրանքների (ապրանքների բաղադրիչների) մաքսային հայտարարագրման դեպքում, որոնք տեղափոխվում են Միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ այդպիսի ապրանքների վերաբերյալ ցանկացած անդամ պետության մաքսային մարմնի կողմից ապրանքների դասակարգման մասին նախնական որոշումը կամ Միության մաքսային սահմանով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում տեղափոխվող ապրանքների դասակարգման մասին որոշումը.
7) մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարումը և (կամ) մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը հաստատող փաստաթղթերը.
8) մաքսային վճարների վճարման արտոնությունների տրամադրման նպատակների և պայմանների պահպանումը հաստատող փաստաթղթերը.
9) մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետի փոփոխությունը հաստատող փաստաթղթերը.
10) ապրանքների հայտագրված մաքսային արժեքը, այդ թվում՝ դրա մեծությունը և ապրանքների մաքսային արժեքի սահմանման մեթոդը հաստատող փաստաթղթերը.
11) միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների գրանցման և ազգային պատկանելիության մասին փաստաթուղթը՝ ավտոմոբիլային տրանսպորտային միջոցով ապրանքների տեղափոխման դեպքում դրանք «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս.
12) հայտագրված մաքսային ընթացակարգերով ապրանքները ձևակերպելու պայմանները հաստատող փաստաթղթերը.
13) փաստաթղթեր, որոնք հաստատում են ապրանքների վերամշակման հետ կապված գործողությունների հայտագրված արժեքը «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակումից ստացված արտադրատեսակները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս.
14) սույն Օրենսգրքի 261-րդ հոդվածում նշված փաստաթղթերը:
2. Եթե սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը չեն պարունակում մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող տեղեկություններ, ապա այդ տեղեկությունները հաստատվում են այլ փաստաթղթերով:
3. Մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը պետք է հայտարարատուի մոտ գտնվեն մաքսային հայտարարագիր ներկայացնելու պահին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սույն Օրենսգրքի 104-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան սահմանված ապրանքների մաքսային հայտարարագրման առանձնահատկություններից ելնելով՝ այդ փաստաթղթերը կարող են բացակայել մաքսային հայտարարագիր ներկայացնելու պահին: