Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ

Հոդված 120. Մաքսային գործառնությունների կատարման և մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման առանձնահատկությունները

գործել է մինչև 2021-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 120. Մաքսային գործառնությունների կատարման և մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման առանձնահատկությունները

1. Մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը, «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան, ապրանքների բացթողման համար կարող են հայտագրվել՝

1) սույն Օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին կետում նշված ապրանքները, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից սույն Օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան սահմանված ապրանքները.

2) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանվող ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում ներմուծվող ապրանքները.

3) ըստ Հանձնաժողովի կողմից հաստատվող ցանկի՝ այն ապրանքների կատեգորիաները, որոնք ներմուծվում են Հանձնաժողովի կողմից սահմանվող չափանիշներին համապատասխանող իրավաբանական անձանց առանձին կատեգորիաների կողմից:

2. Ապրանքները կարող են հայտագրվել բացթողման համար մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգին, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգին, «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգին, առանց ներմուծման մաքսատուրքերի (հարկերի) վճարման «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան, եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ, ինչպես նաև այլ մաքսային ընթացակարգերին համապատասխան, որոնք սահմանվում են Հանձնաժողովի կողմից:

Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել այն ապրանքների կատեգորիաների ցանկը, որոնք կարող են հայտագրվել բացթողման համար մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգին, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգին, «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգին, առանց ներմուծման մաքսատուրքերի (հարկերի) վճարման «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան:

3. Մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքները բացթողման համար հայտագրելու դեպքում այն անձը, որը հանդես է գալու որպես ապրանքների հայտարարատու ապրանքների հայտարարագիր ներկայացնելիս, մաքսային մարմին է ներկայացնում մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմում՝ էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով:

Մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմում ներկայացվում է այն անձի կողմից, որը կարող է հանդես գալ որպես ապրանքների հայտարարատու (այսուհետ սույն հոդվածում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմում ներկայացրած անձ):

Մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը պետք է պարունակի տեղեկություններ այն անձի մասին, որը հանդես է գալու որպես հայտարարատու, ընտրված մաքսային ընթացակարգի մասին և այլ ապրանքների բացթողման համար անհրաժեշտ տեղեկություններ, որոնք սահմանվում են Հանձնաժողովի կողմից՝ կախված մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումի տեսակից, որպես հայտարարատու հանդես եկող անձից, ապրանքների կատեգորիաներից և մաքսային ընթացակարգերից:

Մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումի ձևը, դրա կառուցվածքն ու ձևաչափը՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով, դրանք լրացնելու կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից:

4. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացվող՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումի հետ մեկտեղ պետք է ներկայացվեն՝

1) այն պայմանների պահպանումը հաստատող փաստաթղթեր, որոնք պահպանելու դեպքում սույն հոդվածի 13-րդ կետին համապատասխան մաքսային մարմինն իրականացնում է ապրանքների բացթողումը մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը.

2) առևտրային կամ այլ փաստաթղթեր, որոնք ներառում են տեղեկություններ ապրանքներն ուղարկողի և ստացողի, ապրանքներն ուղարկող երկրի և դրանց նշանակման երկրի մասին, ապրանքների մասին (անվանումը, ապրանքային նշանը, անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում և (կամ) մտավոր սեփականության օբյեկտների ազգային մաքսային այն ռեեստրում ընդգրկված՝ մտավոր սեփականության օբյեկտ հանդիսացող ապրանքի ծագման վայրի անվանումը, որը վարում է այն անդամ պետության մաքսային մարմինը, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների բացթողման մասին դիմումը մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը, նկարագրությունը, ծածկագիրը՝ նվազագույնը առաջին 6 նիշերով՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան, քանակը, համաքաշը և արժեքը): Սույն ենթակետում նշված փաստաթղթերում անհրաժեշտ տեղեկությունների բացակայության դեպքում այդ տեղեկությունները նշվում են մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումում:

5. Սույն հոդվածի 4-րդ կետում նշված փաստաթղթերը կարող են չներկայացվել մաքսային մարմին, եթե այդպիսի փաստաթղթերի մասին տեղեկությունները և (կամ) դրանցում պարունակվող տեղեկությունները կարող են ստացվել սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան:

6. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացվող՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումի հետ միասին ներկայացվում են արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերը, մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման տրամադրումը հաստատող փաստաթղթերը, եթե այդպիսի փաստաթղթերի մասին տեղեկությունները և (կամ) դրանցում պարունակվող տեղեկությունները չեն կարող ստացվել մաքսային մարմնի կողմից սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան:

7. Մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը ներկայացվում է անդամ պետության՝ մաքսային հայտարարագրերը գրանցելու իրավունք ունեցող մաքսային մարմին, որին հետագայում ներկայացվելու է ապրանքների հայտարարագիրը:

8. Մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքները բացթողման համար հայտագրելիս այդ ապրանքները պետք է գտնվեն այն անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների բացթողման մասին դիմումը՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը:

9. Մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը ներկայացրած անձը անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պատասխանատվություն է կրում մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի պահանջները չպահպանելու, այդ թվում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումում ոչ հավաստի տեղեկություններ նշելու, անվավեր փաստաթղթեր, այդ թվում՝ կեղծ և (կամ) ակնհայտ ոչ հավաստի (սուտ) տեղեկություններ պարունակող փաստաթղթեր ներկայացնելու, ապրանքների հայտարարագիրը ժամանակին չներկայացնելու համար:

10. Մաքսային մարմինը գրանցում է մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը կամ մերժում է դրա գրանցումը՝ այդ դիմումը ներկայացնելու պահից ոչ ուշ, քան մաքսային մարմնի 1 (մեկ) աշխատանքային ժամվա ընթացքում՝ Հանձնաժողովի կողմից սահմանվող կարգով, իսկ Հանձնաժողովի կողմից չկարգավորված մասով՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան սահմանվող կարգով:

11. Մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցման պահից դառնում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի մասին վկայող փաստաթուղթ:

12. Մաքսային մարմինը մերժում է մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումի գրանցումը հետևյալ հիմքերով՝

1) մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը ներկայացվել է մաքսային հայտարարագրերը գրանցելու իրավունք չունեցող մաքսային մարմին.

2) մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը ներկայացվել է չլիազորված անձի կողմից կամ ստորագրված կամ պատշաճ կերպով վավերացված չէ.

3) մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին թղթային կրիչով դիմումը կազմված չէ սահմանված կարգով, էլեկտրոնային փաստաթղթի տեսքով դիմումի կառուցվածքը և ձևաչափը չեն համապատասխանում այդպիսի դիմումի սահմանված կառուցվածքին և ձևաչափին.

4) մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումում նշված չեն սույն հոդվածի 3-րդ կետի երրորդ պարբերությանը համապատասխան նշման ենթակա տեղեկությունները.

5) թղթային կրիչով ներկայացվող՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումի հետ միասին չեն ներկայացվել սույն հոդվածի 4-րդ կետում նշված փաստաթղթերը.

6) էլեկտրոնային փաստաթղթի ձևով ներկայացվող՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումի հետ միասին սույն հոդվածի 6-րդ կետին համապատասխան չեն ներկայացվել փաստաթղթերը.

7) մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ այդպիսի դիմում ներկայացրած անձը սույն Օրենսգրքի սույն հոդվածի 16-րդ կետով և 441-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված ժամկետում չի կատարել այն ապրանքների վերաբերյալ ապրանքների հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունը, որոնց բացթողումն ավելի վաղ իրականացվել է մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը.

8) այն ապրանքները, որոնց առնչությամբ ներկայացվել է մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմում, չեն գտնվում այն անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմին է ներկայացվել մինչև ապրանքների հայտարարագրի ներկայացումն ապրանքների բացթողման մասին դիմումը:

13. Ապրանքների բացթողումը մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն իրականացվում է մաքսային մարմնի կողմից՝ պայմանով, որ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմում ներկայացրած անձը՝

1) պահպանել է սույն Օրենսգրքի սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները կամ 441-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները, եթե մինչև ապրանքների հայտարարագրի ներկայացումն ապրանքների բացթողման մասին դիմումը ներկայացվել է լիազորված տնտեսական օպերատորի կողմից.

2) պահպանել է ապրանքները հայտագրված մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները՝ բացառությամբ մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պայմանների, ինչպես նաև այն դեպքերի, երբ այնպիսի պայմանը, ինչպիսին է արգելքների և սահմանափակումների պահպանումը «Միության մասին» պայմանագրին և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, կարող է հաստատվել ապրանքների բացթողումից հետո.

3) տրամադրվել է ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը սույն հոդվածի 1-ին կետում նշված ապրանքների առնչությամբ՝ բացառությամբ սույն հոդվածի 14-րդ կետում նշված ապրանքների, ինչպես նաև բացառությամբ այն դեպքի, երբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովման տրամադրում չի պահանջվում՝ սույն Օրենսգրքի 441-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան:

14. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովման տրամադրում չի պահանջվում հետևյալի առնչությամբ՝

1) տարերային աղետների, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար անհրաժեշտ ապրանքների.

2) խաղաղության պահպանման կամ վարժանքների անցկացման միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ռազմական նշանակության արտադրանքի.

3) մարդասիրական ու տեխնիկական օգնության.

4) անդամ պետությունների արժույթի, արտարժույթի, այլ արժութային արժեքների, թանկարժեք մետաղների, այդ թվում՝ ոսկու, որոնք ներմուծվում են անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի և դրանց մասնաճյուղերի կողմից.

5) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող այլ ապրանքների:

15. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը տրամադրվում է սույն Օրենսգրքի 75-րդ հոդվածին և 9-րդ գլխին համապատասխան:

16. Այն ապրանքների հայտարարագիրը, որոնց բացթողումն իրականացվել է սույն հոդվածին համապատասխան, պետք է ներկայացվի մինչև ապրանքների հայտարարագրի ներկայացումն ապրանքների բացթողման մասին դիմում ներկայացրած անձի կողմից ոչ ուշ, քան ապրանքների բացթողման ամսվան հաջորդող ամսվա 10-րդ օրը, կամ սույն Օրենսգրքի 441-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված ժամկետում:

Սույն կետում նշված ժամկետի հաշվարկումն իրականացվում է՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 4-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթները:

17. Մաքսային մարմինը սույն Օրենսգրքի 111-րդ հոդվածին համապատասխան ապրանքների հայտարարագրի և ապրանքները հայտագրված մաքսային ընթացակարգով ձևակերպելու այն պայմանների պահպանման ստուգման արդյունքներով, որոնք սույն հոդվածի 13-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան չեն պահպանվել ապրանքների բացթողման ժամանակ, ինչպես նաև սույն Օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված պայմանի պահպանման ստուգման արդյունքներով ձևակերպում և հայտարարատուին է ուղարկում էլեկտրոնային փաստաթուղթ կամ համապատասխան նշումներ է կատարում թղթային կրիչով ներկայացրած՝ ապրանքների հայտարարագրի և (կամ) մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման մասին տեղեկություններ պարունակող առևտրային, տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի վրա:

18. Մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը մաքսային գործառնություններ կատարելու և ապրանքները բաց թողնելու դեպքում կիրառվում են մաքսասակագնային կարգավորման միջոցները, հարկման ոլորտում անդամ պետությունների օրենսդրական ակտերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերը և փոխարժեքը, որոնք գործում են մաքսային մարմնի կողմից մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցելու օրվա դրությամբ:

19. Ապրանքների բացթողումը մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն իրականացվում է սույն Օրենսգրքի 119-րդ հոդվածով սահմանված ժամկետներում: Ընդ որում, մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման ժամկետները հաշվարկվում են՝ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումի գրանցման օրվանից:

20. Մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելն ապրանքների բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման այլ առանձնահատկություններ կարող են սահմանվել Հանձնաժողովի կողմից և անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ՝ մինչև Հանձնաժողովի կողմից դրանց սահմանումը, կամ Հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում:

21. Մինչև այն ապրանքների հայտարարագրի ներկայացումն ապրանքների բացթողման հետ կապված մաքսային գործառնությունները, որոնց հայտարարատուն լինելու է լիազորված տնտեսական օպերատորը, կատարվում են՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 441-րդ հոդվածը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։