Հոդված 87. Ապրանքների ժամանումը Միության մաքսային տարածք
Հոդված 87. Ապրանքների ժամանումը Միության մաքսային տարածք
1. Միության մաքսային սահմանը հատելուց հետո ապրանքները պետք է փոխադրողի կամ անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխող անձի կողմից հասցվեն ժամանման վայր կամ սույն Օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ կետում նշված այլ վայրեր: Ընդ որում, ապրանքների փաթեթվածքի ամբողջականության խախտում, ինչպես նաև դրված կապարակնիքների, կնիքների և նույնականացման այլ միջոցների փոփոխություն, հեռացում, ոչնչացում, վնասում կամ փոխարինում չեն թույլատրվում:
2. Եթե Միության մաքսային սահմանը հատելուց հետո ապրանքները ժամանման վայր կամ սույն Օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ կետում նշված այլ վայրեր հասցնելն ընդհատվում է, ինչպես նաև եթե նավը կամ օդանավը հարկադրված կանգառ կամ վայրէջք է կատարում Միության մաքսային տարածքում վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության կամ ապրանքներն առաքելուն, սահմանված վայրերում կանգառ կամ վայրէջք կատարելուն խոչընդոտող այլ հանգամանքների հետևանքով, փոխադրողը կամ անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է ձեռնարկել ապրանքների պահպանվածությունն ապահովելուն ուղղված բոլոր միջոցները, անհապաղ տեղեկացնել մոտակա մաքսային մարմնին այդ հանգամանքների և ապրանքների գտնվելու վայրի մասին, ինչպես նաև տրանսպորտային միջոցի վնասված լինելու դեպքում փոխադրել ապրանքները կամ ապահովել դրանց փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) մոտակա մաքսային մարմին կամ մաքսային մարմնի կողմից նշված այլ վայր:
Փոխադրողի կամ այլ անձանց՝ սույն կետի պահանջների կատարման առնչությամբ կրած ծախսերը մաքսային մարմինների կողմից չեն փոխհատուցվում:
3. Ապրանքները ժամանման վայր կամ սույն Օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ կետում նշված այլ վայրեր հասցնելուց հետո դրանք պետք է գտնվեն մաքսային հսկողության գոտում՝ բացառությամբ նավերով փոխադրվող ապրանքների:
4. Սույն Օրենսգրքի 88-91-րդ հոդվածների դրույթները չեն կիրառվում ֆիզիկական անձանց կողմից Միության մաքսային տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ:
Ֆիզիկական անձանց կողմից Միության մաքսային տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների մասով մաքսային գործառնությունները դրանց՝ Միության մաքսային տարածք ժամանելուց հետո իրականացվում են սույն Օրենսգրքի 37-րդ գլխին համապատասխան:
5. Սույն գլխի դրույթները չեն կիրառվում՝
1) նավերով և օդանավերով փոխադրվող ապրանքների նկատմամբ, որոնք Միության մաքսային տարածքը հատում են՝ առանց Միության մաքսային տարածքում տեղակայված նավահանգիստ մտնելու կամ օդանավակայանում վայրէջք կատարելու.
2) Միության և սույն Օրենսգրքի 302-րդ հոդվածի 4-րդ կետում նշված օտարերկրյա ապրանքների նկատմամբ, որոնք Միության մաքսային տարածքի մի մասից նավերով և օդանավերով փոխադրվում են Միության մաքսային տարածքի մյուս մասը՝ Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով՝ առանց Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում վայրէջք կատարելու կամ Միության անդամ չհանդիսացող պետության նավահանգիստ նավի մուտք գործելու.
3) խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով փոխադրվող ապրանքների նկատմամբ: