Հոդված 104. Հետախուզման, կալանքի, գույքի բռնագրավման ապահովման հարցերով իրավական օգնությունը
Հոդված 104. Հետախուզման, կալանքի, գույքի բռնագրավման ապահովման հարցերով իրավական օգնությունը
1. Պայմանավորվող կողմերը, իրենց օրենսդրության և սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, միմյանց իրավական օգնություն են ցույց տալիս հանցավոր ճանապարհով ստացված գույքի, փողերի և արժեքների հետախուզման, կալանքի տակ դնելու և առգրավման, ինչպես նաև մեղադրյալներին (ամբաստանյալներին, դատապարտյալներին) պատկանող` հանցավոր գործունեությունից ստացված եկամուտները, հանցագործություններից տուժածներին (քաղաքացիական հայցվորներին) վնասի հատուցման, տուգանքների բռնագանձման վերաբերյալ և բռնագրավման վերաբերյալ դատարանների դատավճիռների կատարման գործում:
2. Այդ նպատակով Պայմանավորվող կողմերի իրավասու արդարադատության հիմնարկները քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարությունների հիման վրա, ներքին օրենսդրությանը համապատասխան, կատարում են հանցավոր ճանապարհով ստացված գույքի, փողերի և արժեքների, ինչպես նաև հանցավոր գործունեությունից մեղադրյալներին (ամբաստանյալներին, դատապարտյալներին) պատկանող եկամուտների հայտնաբերմանն ուղղված բոլոր անհրաժեշտ` քննչական, հետախուզական կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումները:
Պարզելով այդպիսի գույքը, փողերը, արժեքներն ու եկամուտները` Պայմանավորվող կողմերի իրավասու արդարադատության հիմնարկները միջոցներ են ձեռնարկում դրանց պահպանության ապահովման ուղղությամբ` կալանք դնելու ձևով դրանց հետ ցանկացած գործառնության կանխարգելման և դրանց առգրավման համար:
3. Հայցվող Պայմանավորվող կողմերի իրավասու արդարադատության հիմնարկները, իրենց իրավասության շրջանակներում հայտնաբերելով հանցավոր ճանապարհով ստացված գույքը, փողերը և արժեքները, դրանք փոխանցում են հայցող Պայմանավորվող կողմերի իրավասու արդարադատության հիմնարկին` որպես իրեղեն ապացույցներ քրեական գործին կցելու և հետագայում օրինական տերերին վերադարձնելու, հանցագործություններով պատճառված վնասը մարելու նպատակով:
4. Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկները մեղադրյալի (ամբաստանյալի, դատապարտյալի) փողերի, արժեքների և գույքի, հանցավոր գործունեությունից ստացած եկամուտների վրա կալանք դնելով, ապահովում են դրանց պահպանությունը` հետագայում հանցագործությամբ պատճառված վնասի մարման վրա տարածելու և հայցող Պայմանավորվող կողմի դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա բռնագրավելու նպատակով` հաշվի առնելով սույն Կոնվենցիայի 58-րդ հոդվածով նախատեսված կանոնները:
5. Հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու արդարադատության հիմնարկները կարող են հետաձգել հանցավոր ճանապարհով ստացված գույքի, փողերի և արժեքների, ինչպես նաև մեղադրյալներին (ամբաստանյալներին, դատապարտյալներին) պատկանող` հանցավոր գործունեությունից ստացած եկամուտների փոխանցումը հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկներին, եթե դրանք նրանց անհրաժեշտ են իրականացվող քրեական հետապնդման կամ այլ (երրորդ) անձանց իրավունքների վերաբերյալ վեճերի լուծման կապակցությամբ: