Հոդված 89. Հանձնումը մերժելը
Հոդված 89. Հանձնումը մերժելը
1. Հանձնումը չի կատարվում, եթե.
ա) անձը, որի հանձնումը հայցվում է, հայցվող Պայմանավորվող կողմի քաղաքացի է.
բ) հանձնման վերաբերյալ հարցումը ստանալու պահին հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն, քրեական հետապնդում չի կարող հարուցվել կամ դատավճիռը չի կարող ի կատար ածվել վաղեմության ժամկետը լրանալու հետևանքով կամ այլ օրինական հիմքով.
գ) անձի նկատմամբ, որի հանձնումը հայցվում է, հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում նույն հանցագործության համար կայացվել է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ որոշում քրեական գործ հարուցելը մերժելու կամ գործով վարույթը կարճելու վերաբերյալ.
դ) արարքը, որի կապակցությամբ հանձնումը հայցվում է, հայցող կամ հայցվող Պայմանավորվող կողմերի օրենսդրության համաձայն, հետապնդվում է միայն մասնավոր մեղադրանքի կարգով (տուժողի դիմումի հիման վրա).
ե) հանձնումը կարող է վնաս հասցնել հայցվող Պայմանավորվող կողմի ինքնիշխանությանը, անվտանգությանը.
զ) ծանրակշիռ հիմքեր կան ենթադրելու, որ հանձնման վերաբերյալ հարցումը կապված է ռասայի, սեռի, դավանանքի, էթնիկական պատկանելության կամ քաղաքական հայացքների համար անձին հետապնդելու հետ.
է) արարքը, որի կապակցությամբ հանձնումը հայցվում է հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ վերաբերում է զինվորական հանցագործություններին, որոնք սովորական քրեական իրավունքի համապատասխան, հանցագործություններ չեն համարվում.
ը) անձը, որի հանձնումը հայցվում է, նախկինում հայցվող Պայմանավորվող կողմին է հանձնվել երրորդ պետության կողմից և հանձնման առնչությամբ այդ պետության համաձայնությունը չի ստացվել.
թ) անձին, որի հանձնումը հայցվում է, հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում ապաստան է տրամադրվել.
ժ) առկա են միջազգային պայմանագրով սահմանված այլ հիմքեր, որի մասնակիցներ են հանդիսանում հայցող և հայցվող Պայմանավորվող կողմերը:
2. Հանձնումը կարող է մերժվել, եթե արարքը, որի կապակացությամբ հանձնումը հայցվում է, կատարվել է հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում:
3. Հանձնումը մերժելու դեպքում հայցող Պայմանավորվող կողմը պետք է տեղեկացվի մերժման հիմքերի մասին, դրա վերաբերյալ որոշում ընդունվելու պահից 10 օրվա ընթացքում: