Հոդված 93. Մինչև քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունն ստանալը սեփական քաղաքացիներին կալանքի վերցնելը
Հոդված 93. Մինչև քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունն ստանալը սեփական քաղաքացիներին կալանքի վերցնելը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, մյուս Պայմանավորվող կողմի միջնորդությամբ, կարող է սեփական քաղաքացիներին կալանքի վերցնել նախքան ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման համար նրանց դեմ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն ստանալը: Միջնորդության մեջ պետք է հղում լինի կալանքի վերցնելու մասին որոշմանը և նշում այն մասին, որ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունը կներկայացվի լրացուցիչ:
Նշված միջնորդությունը և կալանքի վերցնելու մասին որոշումը նախքան քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունն ստանալը կարող են փոխանցվել կապուղիների տեխնիկական միջոցների օգտագործումով` բնօրինակները միաժամանակ ուղարկելով փոստով կամ սուրհանդակի միջոցով:
2. Հայցվող Պայմանավորվող կողմի քաղաքացի համարվող անձին կալանքի վերցնելու մասին անհապաղ (ֆաքսով, հեռախոսով, հեռատիպով և այլն) տեղեկացվում է հայցող Պայմանավորվող կողմը, որի վարույթում է գտնվում քրեական գործը, և, սույն Կոնվենցիայի 91-րդ հոդվածին համապատասխան նյութերն ուղարկելու վերաբերյալ հարցը:
3. Այդ անձի քրեական հետապնդման դեպքում կիրառվում է հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությունը:
4. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն կալանքի վերցված անձը ենթակա է ազատման, եթե քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունը, դրան կից բոլոր փաստաթղթերով հանդերձ, որոնք նախատեսված են սույն Կոնվենցիայի 92-րդ հոդվածով, հայցվող Պայմանավորվող կողմը չի ստանում այդ անձին կալանքի վերցնելու օրվանից 40 օրվա ընթացքում:
Հայցվող Պայմանավորվող կողմն այդ անձի քրեական հետապնդման մասին հարցը լուծում է ներպետական օրենսդրության հիման վրա: