Հոդված 58. Պայմանագրի հիման վրա ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին տրվող հայտարարագրման թույլտվությունը
Հոդված 58. Պայմանագրի հիման վրա ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին տրվող հայտարարագրման թույլտվությունը
Պայմանագրի հիման վրա մաքսային վարչության կողմից ձեռնարկությանը, հիմնարկին և կազմակերպությանը հայտարարագրման թույլտվությունը տրվում է այդպիսի ձեռնարկությանը, հիմնարկին և կազմակերպությանը որպես հայտարարատու ճանաչելու մասին վկայական տալով:
Թույլտվությունը տրվում է այն ձեռնարկությանը, հիմնարկին և կազմակերպությանը, որը գտնվում է հանրապետության տարածքում և մաքսային վարչությանը ներկայացրել է համապատասխան դիմում:
Դիմումը պետք է քննության առնվի ստացման օրվանից տասնհինգ օրվա ընթացքում: Մաքսային վարչությունն իրավունք ունի դիմողի մասին լրացուցիչ տեղեկություններ պահանջել պետական մարմիններից, ձեռնարկություններից, հիմնարկներից, կազմակերպություններից, այդ թվում բանկերից, ֆինանսական հիմնարկներից:
Առանձին դեպքերում դիմումի քննարկման ժամկետը կարող է երկարացվել մինչև երկու ամիս:
Այն վկայականը, որը դիմողը չի ստացել ճանաչման մասին որոշում ընդունելու օրվանից վեց ամսվա ընթացքում, ինչպես նաև այն դեպքում, երբ վկայականն ընդունելու օրվանից մեկ ամսվա ընթացքում հայտարարատուն չի կատարում իր պարտականությունները, համարվում է ուժը կորցրած:
Վկայականը մաքսային վարչության կողմից կարող է ուժը կորցրած համարվել`
1) հայտարարատուի կողմից պարտականությունները բազմիցս չկատարելու դեպքում.
2) վկայական տալու համար պահանջվող տեղեկությունների մեջ այնպիսի կեղծիքների հայտնաբերման դեպքում, որոնք էական նշանակություն են ունեցել հայտարարագրման թույլտվության վերաբերյալ որոշում ընդունելու համար.
3) սույն օրենսգրքով նախատեսված իրավախախտումներ կատարելու դեպքում.
4) ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների իրավունքները խախտող կամ պետության շահերին վնաս հասցնող այլ գործողություններ կատարելու դեպքում:
Հայտարարագրման թույլտվության մասին նոր դիմումը կարող է քննության առնվել վկայականը ուժը կորցրած համարելու օրվանից մեկ տարին լրանալուց հետո` խախտումների պատճառները վերացնելու պայմանով:
Վկայականը տալու համար գանձվում է վճար Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կողմից սահմանված չափով:
Բացառվում է որևէ ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության մենաշնորհը հայտարարատու դառնալու հարցում: