Հոդված 7. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները
Հոդված 7. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները
Մաքսային գործը անմիջականորեն իրագործում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները: Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները հանդիսանում են իրավապահ մարմիններ:
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները կազմում են միասնական հանրապետական համակարգ, որը ներառում է`
Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը,
Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մաքսատները,
Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մաքսային կետերը:
Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործի պետական կառավարման կենտրոնական մարմինն է:
Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մաքսատները և մաքսային կետերը Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ ստեղծում, վերակազմավորում և լուծարում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը:
Ելնելով Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական գործունեության զարգացման նպատակներից, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մաքսատները և մաքսային կետերը գործում են Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշվող տարածքների սահմաններում:
Հայաստանի Հանրապետության մաքսասակագնային հարցերի կարգավորման վերաբերյալ առաջարկությունների մշակման, ինչպես նաև սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական մյուս ակտերով սահմանված այլ խնդիրների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանն առընթեր գործում է մաքսասակագնային խորհուրդ: Խորհրդի կազմը և կանոնադրությունը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Մաքսասակագնային խորհրդի խնդիրներն են`
1) Հայաստանի Հանրապետության մաքսասակագնային քաղաքականության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունների, ներառյալ մաքսատուրքեր սահմանելու, վերացնելու և փոփոխելու, սակագնային արտոնությունների և առավելությունների մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային սակագնի անվանացանկի փոփոխությունների մասին առաջարկությունների մշակումը.
2) մաքսասակագնային կարգավորման հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի մշակումը.
3) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ապրանքներ և այլ առարկաներ ներմուծելիս և այդ տարածքից արտահանելիս ընդհանուր հանրապետական շուկայի պաշտպանության միջոցառումների մշակումը.
4) մաքսային գործին առնչվող այլ խնդիրների վերաբերյալ առաջարկությունների մշակումը:
Թմրանյութերի և հոգեկան խիստ ներգործող նյութերի միջազգային ապօրինի շրջանառության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության իրավապահ և պետական այլ մարմինների համագործակցության ապահովման նպատակով ստեղծվում է հանրապետական համակարգիչ խորհուրդ: Թմրանյութերի և հոգեկան խիստ ներգործող նյութերի միջազգային ապօրինի շրջանառության դեմ պայքարի հանրապետական համակարգիչ խորհրդի կազմը հաստատում և նրա գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: