Հոդված 14. Արդյունաբերական դիզայնի բացահայտումը
Հոդված 14. Արդյունաբերական դիզայնի բացահայտումը
1. Սույն օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածների նպատակներով արդյունաբերական դիզայնը համարվում է հանրամատչելի դարձած, եթե այն ցուցադրվել է ցուցահանդեսում, հրապարակվել, օգտագործվել, իրացվել կամ բացահայտվել է այլ եղանակով, բացառությամբ այն դեպքերի, երբ համապատասխան ոլորտում մասնագիտացված Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձանց և կազմակերպությունների համար ողջամիտ պատճառներով դրա մասին տեղեկությունները չէին կարող մատչելի լինել՝
1) գրանցված արդյունաբերական դիզայնի դեպքում՝ մինչև պետական լիազոր մարմին հայտ ներկայացնելու թվականը, կամ եթե խնդրարկվում է առաջնություն՝ մինչև առաջնության թվականը.
2) չգրանցված արդյունաբերական դիզայնի դեպքում՝ մինչև դրա առաջին բացահայտումը:
2. Արդյունաբերական դիզայնը հանրամատչելի դարձած չի համարվում, եթե երրորդ անձի համար այն բացահայտվել է գաղտնիության պահպանման ուղղակի կամ ենթադրվող պայմանով:
3. Սույն օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածների նպատակներով արդյունաբերական դիզայնի բացահայտումը հաշվի չի առնվում, եթե արդյունաբերական դիզայնը, որի համար պահանջվում է պահպանություն, բացահայտվել է՝
1) հեղինակի, նրա իրավահաջորդի կամ երրորդ անձի կողմից` հեղինակի տրամադրած տեղեկատվության հետևանքով, հեղինակի կամ նրա իրավահաջորդի ձեռնարկած գործողությունների հետևանքով, հեղինակի կամ նրա իրավահաջորդի նկատմամբ կատարված անբարեխիղճ գործողությունների հետևանքով, և
2) եթե դա տեղի է ունեցել հայտը ներկայացնելուն նախորդող, իսկ ավելի վաղ առաջնություն խնդրարկելու դեպքում՝ այդ առաջնության թվականին նախորդող տասներկու ամսվա ընթացքում: