Հոդված 28. Արդյունաբերական դիզայնի հայտի մերժման և արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքն անվավեր ճանաչելու հիմքերը
Հոդված 28. Արդյունաբերական դիզայնի հայտի մերժման և արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքն անվավեր ճանաչելու հիմքերը
1. Արդյունաբերական դիզայնի հայտը մերժվում է, և գրանցված կամ չգրանցված արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքն անվավեր է ճանաչվում, եթե՝
1) արդյունաբերական դիզայնը չի համապատասխանում սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված բնորոշմանը.
2) արդյունաբերական դիզայնը չի համապատասխանում սույն օրենքի 12-15-րդ հոդվածներով սահմանված պահանջներին.
3) օրենքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա հաստատվել է, որ հայտատուն կամ արտոնագրատերը, սույն օրենքի 18-րդ և 19-րդ հոդվածների իմաստով, արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունք չունի.
4) արդյունաբերական դիզայնը ներառում է Փարիզյան կոնվենցիայի 6ter հոդվածում նշված որևէ տարր՝ առանց համապատասխան իրավասու մարմնի թույլտվության.
5) արդյունաբերական դիզայնը ներառում կամ նմանակում է խորհրդանիշներ, խորհրդանշաններ, զինանշաններ, որոնք այլ են, քան Փարիզյան կոնվենցիայի 6ter հոդվածով սահմանվածները, և որոնք առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում հանրության համար, այդ թվում՝ մշակութային ժառանգության (ներառյալ՝ էթնիկական և կրոնական) օբյեկտները, դրանց ճանաչելի մասերի անվանումները կամ պատկերները, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց գրանցման համար առկա է համապատասխան իրավասու մարմնի թույլտվությունը.
6) սույն օրենքով սահմանված պահանջների առումով արդյունաբերական դիզայնը հակադրության մեջ է նախորդող (ավելի վաղ) արդյունաբերական դիզայնի հետ, որը հանրամատչելի է դարձել պետական լիազոր մարմին հայտ ներկայացնելու թվականից, իսկ առաջնություն խնդրարկելու դեպքում՝ առաջնության թվականից առաջ, և որը պահպանվում է՝ ունենալով ավելի վաղ հայտի ներկայացման թվական, իսկ խնդրարկված առաջնության դեպքում՝ առաջնության թվական.
7) արդյունաբերական դիզայնը, առանց համապատասխան թույլտվության, ներառում է հեղինակային իրավունքի մասին օրենսդրությամբ պահպանվող ստեղծագործություն.
8) արդյունաբերական դիզայնում ներառված է պահպանվող անհատականացման միջոց, որը հանգեցնում է դրա իրավատիրոջ՝ օրենսդրությամբ նախատեսված իրավունքների խախտման.
9) գրանցումը հակասում է այլ իրավական ակտերի։
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերով արդյունաբերական դիզայնի նկատմամբ բացառիկ իրավունքն անվավեր ճանաչելու հայց կարող է ներկայացնել միայն շահագրգիռ անձը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 5-րդ, 7-րդ կամ 8-րդ կետերում նշված հիմքերով արդյունաբերական դիզայնի հայտի մերժման կամ արտոնագրով վերապահված դրա նկատմամբ իրավունքների անվավեր ճանաչման դեպքում արդյունաբերական դիզայնը կարող է գրանցվել, կամ արտոնագիրը կարող է գործողության մեջ մնալ ճշգրտված արդյունաբերական դիզայնի տեսքով, եթե այդ տեսքով նա համապատասխանում է արտոնագրաունակության պայմաններին, և պահպանված է արդյունաբերական դիզայնի էությունը։ Ճշգրտված արդյունաբերական դիզայնի գրանցումը ենթադրում է արդյունաբերական դիզայնի գրանցում, որն իրականացվել է հայտարկված արդյունաբերական դիզայնից հայտատուի մասնակիորեն հրաժարված տեսքով։ Ճշգրտված արդյունաբերական դիզայնի արտոնագիրը գործողության մեջ պահելը ենթադրում է արդյունաբերական դիզայնի պետական գրանցամատյան մտցնել արդյունաբերական դիզայնի արտոնագիրը մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։