Հոդված 70. Միջազգային բյուրոյի ծանուցած միջազգային գրանցման հետ կապված գործընթացը
Հոդված 70. Միջազգային բյուրոյի ծանուցած միջազգային գրանցման հետ կապված գործընթացը
1. Միջազգային բյուրոյից ստացված միջազգային գրանցման մասին ցանկացած ծանուցման նկատմամբ, որում նշված է Հայաստանի Հանրապետությունը, կիրառվում են սույն օրենքի 45-րդ հոդվածի համաձայն` առարկության ներկայացման և 47-րդ հոդվածի համաձայն` հայտի ըստ էության փորձաքննության անցկացման գործընթացներն այն նույն պայմաններով, որոնք սույն օրենքով նախատեսված են անմիջականորեն պետական լիազոր մարմին ներկայացված հայտերի համար։
2. Միջազգային գրանցման դեմ, որում նշված է Հայաստանի Հանրապետությունը, առարկությունները կարող են ներկայացվել պետական լիազոր մարմին՝ տվյալ միջազգային գրանցման վերաբերյալ տեղեկությունները Միջազգային բյուրոյի կողմից պաշտոնական հրապարակման թվականից հետո` եռամսյա ժամկետում։ Ներկայացված առարկությունները քննարկվում են սույն օրենքի 46-րդ հոդվածով սահմանված կարգով:
3. Եթե սույն հոդվածի 1-ին մասի համաձայն` փորձաքննությամբ պարզվում է, որ միջազգային գրանցումը չի համապատասխանում սույն օրենքի պահանջներին, կամ եթե տվյալ միջազգային գրանցման դեմ առարկություն է ներկայացված, որն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարվել է, ապա պետական լիազոր մարմինն արդյունաբերական դիզայնին Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանության տրամադրման մերժման կամ մասնակիորեն մերժման որոշում է կայացնում, որի մասին ծանուցում է Միջազգային բյուրոյին։
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված մերժման կամ մասնակիորեն մերժման մասին որոշումից հետո սույն օրենքով նախատեսված ցանկացած գործընթաց պետական լիազոր մարմնի և արտոնագրատիրոջ միջև իրականացվում է վերջինիս ներկայացուցչի միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ։
5. Պետական լիազոր մարմինը կարող է իր ուղարկած ցանկացած մերժումը ցանկացած ժամանակ մասնակիորեն կամ ամբողջությամբ հետ կանչել։
6. Պետական լիազոր մարմինը սահմանված կարգով Միջազգային բյուրոյին ծանուցում է միջազգային գրանցման վերաբերյալ բոլոր դատական ակտերի մասին։