Հոդված 18. Արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքները
Հոդված 18. Արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքները
1. Արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքը պատկանում է հեղինակին կամ նրա իրավահաջորդին:
2. Հեղինակը այն ֆիզիկական անձն է, որի ստեղծագործական աշխատանքով ստեղծվել է արդյունաբերական դիզայնը:
3. Եթե արդյունաբերական դիզայնն ստեղծվել է մի քանի ֆիզիկական անձանց ստեղծագործական աշխատանքով համատեղ, ապա նրանք համարվում են համահեղինակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի հեղինակ ճանաչվելու իրավունք, և որոնց փոխհարաբերությունները սահմանվում են նրանց միջև կնքված պայմանագրով։
4. Արդյունաբերական դիզայնի ստեղծմանը ցուցաբերված ոչ ստեղծագործական բնույթի աջակցությունը (տեխնիկական, կազմակերպչական կամ նյութական օգնություն, իրավունքների ձևակերպմանն օժանդակություն և այլն) չի հանգեցնում համահեղինակության:
5. Պետական լիազոր մարմինը պատասխանատու չէ հեղինակներին վերաբերող տվյալների իսկության համար։
6. Եթե նույն արդյունաբերական դիզայնն ստեղծվել է իրարից անկախ՝ տարբեր մարդկանց կողմից, ապա արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է այն անձին, որի հայտը, սույն օրենքի 38-րդ հոդվածի համաձայն, ունի ավելի վաղ ներկայացնելու թվական, կամ եթե խնդրարկվում է առաջնություն` ավելի վաղ առաջնության թվական:
7. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ սույն հոդվածի 6-րդ մասում նշված արդյունաբերական դիզայններն ունեն առաջնության միևնույն թվականը, ապա հայտատուները ծանուցվում են այդ մասին՝ նշելով նաև հայտատուների համաձայնությամբ նրանց մեկ արտոնագիր տալու հնարավորության մասին: Նշված ծանուցման ուղարկման օրվանից՝ վեց ամսվա ընթացքում, համաձայնության չգալու դեպքում նրանց հայտերը համարվում են հետկանչված։ Համաձայնության գալու դեպքում նրանց տրվող արտոնագրում նշվում են երկու հայտում հիշատակված բոլոր հեղինակները, եթե նրանք չեն հրաժարվել որպես այդպիսին նշված լինելուց։