Հոդված 36. Հայտին ներկայացվող պահանջները
Հոդված 36. Հայտին ներկայացվող պահանջները
1. Արդյունաբերական դիզայնի հայտը կարող է վերաբերել մեկ կամ մի քանի արդյունաբերական դիզայնի, պայմանով, որ դրանք վերաբերում են ԱԴՄԴ մեկ դասին, բացառությամբ զարդանախշերի։
2. Հայտը պետք է ներառի՝
1) դիմում՝ արտոնագիր ստանալու մասին.
2) տեղեկություններ, որոնք թույլ են տալիս անհատականացնել հայտատուին.
3) հայտում ներառված իրի կամ մի քանի իրերի արտաքին տեսքն ամբողջությամբ բացահայտող և վերարտադրման հնարավորություն ունեցող լուսանկարը (լուսանկարները) կամ գրաֆիկական պատկերը (պատկերները).
4) արտադրանքի նշումը, որում արդյունաբերական դիզայնը կարող է մարմնավորվել կամ օգտագործվել:
3. Հայտը կարող է ներառել՝
1) տեղեկություններ, որոնք թույլ են տալիս անհատականացնել հեղինակին (հեղինակներին)։ Հայտում նշվելուց հեղինակի հրաժարվելու դեպքում՝ հայտատուի հայտարարությունն այն մասին, որ հեղինակը հրաժարվել է որպես այդպիսին հայտում նշված լինելուց.
2) տեղեկություններ, որոնք անհատականացնում են արտոնագրային հավատարմատարին կամ հայտատուի այլ ներկայացուցչի (ներկայացուցչի առկայության դեպքում).
3) տեղեկություններ՝ խնդրարկվող առաջնության մասին (համապատասխան դեպքում).
4) ԱԴՄԴ ցուցիչը՝ Լոկառնոյի համաձայնագրին համապատասխան.
5) խնդրանք՝ արդյունաբերական դիզայնի հայտի հրապարակումը հետաձգելու մասին սույն օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:
4. Հայտին կցվում են՝
1) լիազորագիրը՝ հայտը արտոնագրային հավատարմատարի կամ այլ ներկայացուցչի միջոցով ներկայացնելու դեպքում.
2) արդյունաբերական դիզայնի նկարագրությունը՝ հայտատուի ցանկությամբ.
3) արդյունաբերական դիզայնի առաջնությունը հաստատող փաստաթուղթը՝ առաջնություն խնդրարկելու դեպքում.
4) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը, համապատասխան դեպքում նաև նվազեցված դրույքաչափով վճարման հիմքերը` համաձայն «Պետական տուրքի մասին» օրենքի 28-րդ հոդվածի։