Հոդված 35. Իրավունքների վերականգնումը
Հոդված 35. Իրավունքների վերականգնումը
1. Պետական լիազոր մարմնի առջև գործավարություն իրականացնող կողմը, որը, սույն օրենքի և դրա կիրարկումն ապահովող կարգերի համաձայն, պետական լիազոր մարմնի սահմանած ժամկետներում չի կարողացել պատշաճ կերպով կատարել իր պարտականությունները, կարող է վերականգնել իր իրավունքները, եթե սահմանված ժամկետի խախտումը հանգեցնում է հայտի կամ ցանկացած դիմումի հետկանչմանը, մերժմանը կամ իրավունքից զրկմանը, և պետական լիազոր մարմինը համարում է, որ ժամկետների խախտումը տեղի է ունեցել ոչ կանխամտածված:
2. Իրավունքների վերականգնման մասին դիմումը ներկայացվում է սահմանված ժամկետի խախտման պատճառի վերացման պահից, կամ եթե կողմը հետագայում ծանուցվել է սահմանված ժամկետի խախտման մասին ծանուցագրի ուղարկման օրվանից՝ երկամսյա ժամկետում: Դիմումը ներկայացվում է սահմանված ժամկետը լրանալուց հետո պահանջված գործողությունները կատարելու դեպքում՝ կցելով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը։ Իրավունքների վերականգնման մասին դիմումը պետք է լինի հիմնավորված և պարունակի փաստեր և ապացույցներ, որոնք կարդարացնեն ժամկետները չպահպանելը։ Նշված պահանջները չկատարելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված։
3. Իրավունքների վերականգնման մասին դիմումը չի կարող ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժվել, եթե դիմող կողմը նախապես գրավոր չի ծանուցվել դիմումն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու հնարավորության մասին ծանուցագրի ուղարկման օրվանից՝ եռամսյա ժամկետում, իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ։
4. Իրավունքների վերականգնման մասին դիմումը ներկայացվում է ոչ ուշ, քան սահմանված ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, իսկ եթե դիմումը վերաբերում է իրավունքների երկարաձգման համար պետական տուրքերի չվճարմանը, ապա ոչ ուշ, քան «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված լրացուցիչ 6-ամսյա ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում:
5. Իրավունքների վերականգնման մասին դիմումը չի բավարարվում, եթե դա վերաբերում է սույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով սահմանված ժամկետներին, պետական լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու, առաջին հայտի վավերացված պատճենը ներկայացնելու, սահմանված ժամկետների երկարաձգման, հետագա գործավարությունը շարունակելու, խնդրարկվող առաջնության ճշգրտման կամ լրացման կամ առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմում ներկայացնելու ժամկետներին։
6. Եթե իրավունքների վերականգնման մասին դիմում ներկայացնելիս նշված չեն եղել ժամկետը բաց թողնելու պատճառները, ապա կողմն այդ տվյալները ներկայացնում է այդ մասին պետական լիազոր մարմնի ծանուցագրի ուղարկման օրվանից՝ եռամսյա ժամկետում։