Հոդված 20. Արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքի խնդրարկումը
Հոդված 20. Արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքի խնդրարկումը
1. Անձը, որի անունով գրանցված է արդյունաբերական դիզայնը կամ մինչև դրա գրանցումը, որի անունից ներկայացված է արդյունաբերական դիզայնի հայտը, համարվում է պետական լիազոր մարմնի և ցանկացած այլ մարմինների հետ գործերը վարելու իրավասություն ունեցող անձ, քանի դեռ ապացուցված չէ հակառակը:
2. Եթե չգրանցված արդյունաբերական դիզայնը բացահայտվել կամ գրանցման է ներկայացվել, կամ եթե գրանցված արդյունաբերական դիզայնը գրանցվել կամ գրանցման է ներկայացվել սույն օրենքի 18-րդ և 19-րդ հոդվածների համաձայն դրա իրավունքը չունեցող անձի կողմից, ապա, նշված հոդվածների համաձայն, արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունք ունեցող անձը կարող է պահանջել, որ ինքը ճանաչվի տվյալ արդյունաբերական դիզայնի արտոնագրատեր՝ առանց վնաս հասցնելու որևէ այլ անձի համապատասխան իրավունքներին կամ գործողություններին։
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված գործողությունները կարող են իրականացվել երեք տարվա ընթացքում, որը հաշվարկվում է համապատասխանաբար՝
1) գրանցված արդյունաբերական դիզայնի դեպքում՝ գրանցման մասին տեղեկությունները պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից.
2) չգրանցված արդյունաբերական դիզայնի դեպքում՝ դրա բացահայտման օրվանից:
Սույն մասով սահմանված դրույթը չի կիրառվում, եթե արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունք չունեցող անձը գործել է անբարեխիղճ, երբ համապատասխան արդյունաբերական դիզայնը նրան բացահայտվել, ներկայացվել կամ վստահվել է:
4. Սույն օրենքի 10-րդ և 21-րդ հոդվածներում նշված գործողությունների կատարման վերաբերյալ արդյունաբերական դիզայնների հայտերի հիմնապաշար և պետական գրանցամատյան մտցվում են դատական հայց ներկայացնելու, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կամ գործընթացի ավարտման որևէ այլ ակտի մասին գրառումը, ինչպես նաև դատարանի ուժի մեջ մտած որոշման կամ գործընթացի ավարտման մասին որևէ այլ ակտի հիման վրա արտոնագրատիրոջ ցանկացած փոփոխություն։ Արդյունաբերական դիզայնի պետական գրանցամատյանում կատարված գրառումների ու փոփոխությունների մասին տեղեկությունները հրապարակվում են «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։