Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 6. Պետական լիազոր մարմինը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Պետական լիազոր մարմինը

1. Սույն օրենքի շրջանակներում պետական լիազոր մարմնի հիմնական գործառույթներն են՝

1) արդյունաբերական դիզայնի հայտերի ընդունումը և քննարկումը, դրանց փորձաքննության անցկացումը, հայտերի հրապարակումը, արդյունաբերական դիզայնի պետական գրանցումը, պետության անունից արտոնագրերի հանձնումը.

2) արդյունաբերական դիզայնի միջազգային գրանցումների մասին Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության միջազգային բյուրոյի (այսուհետ՝ Միջազգային բյուրո) ծանուցագրերի ստացումը, դրանց փորձաքննության անցկացումն ու Հայաստանի Հանրապետության տարածքում իրավական պահպանության տրամադրումը.

3) արդյունաբերական դիզայնների պետական գրանցամատյանի և սույն օրենքով նախատեսված այլ գրանցամատյանների վարումը և պահպանումը.

4) արդյունաբերական դիզայնների նկատմամբ իրավունքների փոխանցման և արդյունաբերական դիզայնների լիցենզիաների գրանցումը.

5) արդյունաբերական դիզայններին վերաբերող՝ սույն օրենքով նախատեսված տեղեկատվության ապահովումը.

6) Հաագայի համաձայնագրի ընթացակարգով ներկայացվող միջազգային հայտերի և Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից արձանագրության ընթացակարգով ներկայացվող եվրասիական հայտերի համար սույն օրենքով սահմանված կարգով որպես ստացող գերատեսչություն հանդես գալը.

7) արդյունաբերական դիզայնի բնագավառում օտարերկրյա և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացումը.

8) եվրասիական արտոնագիր տալու դեմ առարկություն ներկայացնելը։

2. Պետական լիազոր մարմինն ունի «Արդյունաբերական սեփականություն» անվանումով պաշտոնական տեղեկագիր, որտեղ հրապարակում է տեղեկություններ արդյունաբերական դիզայնների հայտերի և տրված արտոնագրերի վերաբերյալ, ինչպես նաև իր գործունեությանը վերաբերող այլ տեղեկություններ։

3. Պետական լիազոր մարմինն ապահովում է արդյունաբերական դիզայնների հայտերի և արտոնագրերի մասին տվյալների էլեկտրոնային եղանակով մատչելիությունը հանրության համար։

4. Պետական լիազոր մարմինն ունի բողոքարկման խորհուրդ, որը կազմված է նախագահից և ութ անդամից, որոնք խորհրդում իրենց աշխատանքը համատեղում են իրենց զբաղեցրած հանրային ծառայության պաշտոնների հետ: Բողոքարկման խորհրդի անհատական կազմը հաստատում է պետական լիազոր մարմնի ղեկավարը: Բողոքարկման խորհրդի կանոնադրությունը, բողոքների, դիմումների և առարկությունների քննարկման կարգը հաստատում է Կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։