Հոդված 47. Արդյունաբերական դիզայնի ըստ էության փորձաքննությունը
Հոդված 47. Արդյունաբերական դիզայնի ըստ էության փորձաքննությունը
1. Պետական լիազոր մարմինը հայտի հրապարակման օրվանից հետո` եռամսյա ժամկետում, Կառավարության սահմանած կարգով անցկացնում է հայտի ըստ էության փորձաքննություն՝ ստուգելու համար արդյունաբերական դիզայնի համապատասխանությունը սույն օրենքով սահմանված պահպանության պայմաններին։
2. Նշված ժամկետի ընթացքը կասեցվում է տվյալ հայտի վերաբերյալ սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան յուրաքանչյուր առարկության ստացման կապակցությամբ, նույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետներով:
3. Սույն օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի համաձայն զատված հայտով, որն առանձնացվել է այն սկզբնական ներկայացված հայտից, որով սկսվել էր ըստ էության փորձաքննության անցկացումը, և վճարվել էր օրենքով սահմանված պետական տուրքը, ըստ էության փորձաքննությունն անցկացվում է սույն օրենքի 46-րդ հոդվածով նախատեսված հայտի նախնական փորձաքննությունը դրական արդյունքով ավարտից անմիջապես հետո: Արդյունաբերական դիզայնի ըստ էության փորձաքննություն անցկացնելու համար սահմանված պետական տուրքն այս դեպքում չի վճարվում:
4. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական լիազոր մարմինն ստուգում է սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մերժման հիմքերի առկայությունը` հաշվի առնելով ներկայացված առարկությունների քննարկման արդյունքները:
5. Արդյունաբերական դիզայնի պահպանունակության պայմաններն ստուգվում են՝ հաշվի առնելով առնվազն անմիջականորեն պետական լիազոր մարմնի տրամադրության տակ եղած տեղեկատվությունը։
6. Պետական լիազոր մարմինն իրավունք ունի հայտատուից պահանջելու ցանկացած տեղեկություն, որը համարում է անհրաժեշտ հայտատուին կամ հեղինակին անհատականացնելու, հայտը ճիշտ լրացնելու, պահպանության պայմաններին համապատասխանեցումն ապահովելու համար: Տեղեկությունը հայտատուն ներկայացնում է ծանուցումն ուղարկելու օրվանից՝ երկամսյա ժամկետում, և չպետք է փոխի արդյունաբերական դիզայնի էությունը: Սահմանված ժամկետում պատասխանը կամ սահմանված ժամկետի երկարաձգման դիմումը չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետկանչված, պայմանով, որ առանց պահանջված տեղեկության ըստ էության փորձաքննություն անցկացնելն անհնարին է, որի մասին ծանուցվում է հայտատուն:
7. Արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալը չի կարող մերժվել առանց հայտատուին հնարավորություն ընձեռելու հետ կանչել հայտը կամ փոփոխություններ կատարել դրա մեջ կամ փաստարկներ ներկայացնել արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու օգտին փորձաքննության արդյունքի մասին (հնարավոր մերժման կամ մասնակի մերժման) ծանուցումն ուղարկելու օրվանից՝ երկամսյա ժամկետում։ Հայտատուի ներկայացրած փաստարկները պետական լիազոր մարմինը քննարկում է դրանք ստանալու օրվանից՝ մեկամսյա ժամկետում։